Քաղշինխորհուրդը մերժել է Երևանի կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցման նախագծերը

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ, խորհրդի նախագահ Հայկ Մարությանը, քննարկվել է 5 նախագիծ։

Հանրապետության հրապարակի անմիջական հարևանությամբ՝ Արամի փողոց 32 հասցեում բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրի կառուցման էսքիզային երեք տարբերակներն էլ միաձայն համարվել են անընդունելի և մերժվել: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Խորհրդի անդամները նկատել են, որ «Մանկական աշխարհ» հանրախանութի հարևանությամբ նախագծված ծավալուն կառույցը առավել կընդգծի Հանրապետության հրապարակից բացվող արդեն իսկ աղճատված տեսարանը: Առաջարկվել է մշակել հարակից կառույցների բարձրությանը համարժեք շինության նախագիծ:

Քաղաքաշինական խորհուրդը մերժել է նաև Խորենացի փ․ 30/1 հասցեում ստորգետնյա և վերգետնյա հատվածներով բարձրահարկ համալիր կառուցելու նախագիծը: Ճարտարապետն ու մասնագետները բացառել են Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանի տվյալ հատվածում այդպիսի կառուցապատումը՝ չդիտարկելով նույնիսկ ճարտարապետական լուծումները:

Եղվարդի խճուղու 2/18 հասցեում երեք մասնաշենքով և հասարակական տարածքներով բարձրահարկ բազմաբնակարան բնակելի համալիրի ճարտարապետական առաջադրանքն արժանացել է խորհրդի մեծամասնության հավանությանը՝ հաշվի առնելով ժամանակակից լուծումներն ու քաղաքի համաչափ զարգացման և բնակելի ֆոնդի արդիականացման քաղաքականությունը: Կարևորվել է նաև հարակից արագընթաց մայրուղուց երկրորդական ճանապարհ կառուցելու անհրաժեշտությունը և դրան միտված կառուցապատողի ձեռնարկած նախաձեռնությունները:

Խորհրդի անդամները քննարկել են նաև Ուլնեցու փ․ 32/4, 32/14, 32/15, 32/16, 32/17 հատվածում բնակելի թաղամասի կառուցման քաղաքաշինական ներդրումային ծրագրի առաջարկը։

Նշվել է, որ ներկայացված մենատնային, անմասշտաբ ծավալներով և հողամասի սահմաններից դուրս ճանապարհային ցանցի նախագծային մոտավոր նշումներով էսքիզ-հայեցակարգը տվյալ հատվածի համար անընդունելի է:

Միաժամանակ առաջարկվել է մշակել առավել ցածրահարկ, կանաչապատման գերիշխող լուծումներով առաջարկ:

Բարեկամության հրապարակը ձևավորող կառույցների արդիականացման և վերակառուցման նախագծի էսքիզային տարբերակներն առանձին-առանձին դիտարկելով՝ խորհրդի անդամների առաջարկներով միաձայն ձևավորվեց այլընտրանքային միասնական լուծման տարբերակ: Հետագայում այն տվյալ հատվածում միջավայրի կարգավորման և զարգացման հնարավորություն կստեղծի: