«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և կրթահամալիրի ևս 2 ուսուցիչ բերման են ենթարկվել (տեսանյութ)

Այսօր ՀՀ Ոստիկանությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին և ևս երկու ուսուցչի բերման են ենթարկել կրթահամալիրիի և հարակից տարածքից։ Նրանք Շենգավիթի Ոստիկանության բաժնում են: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացմամբ ասել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ Տաթև Բլեյանը:

Տաթև Բլեյանի խոսքով,  ոստիկանների պարզաբանումն այն է եղել, որ նրանք կարգ են խախտել: «Կանգնած են եղել Հյուսիսային դպրոցի մեր մասնաճյուղի և մանկապարտեզի տարածքում: Ոստիկաններն ասել են՝ դուք ակցիա եք իրականացնում, այդպես են որոշել ու բերման ենթարկել, այնքան ոստիկան, որ եկել էր կրթահամալիր, երևի այլ հանցագործության համար չէին գնա: 30-ից ավելի կարմիր բերետավոր էր եկել»:

Տաթև Բլեյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ ոչ մի ակցիա չեն իրականացրել, և հիշեցրեց, որ բերման ենթարկվածները եղել են այն հատվածում, որտեղ քաղաքապետարանի խոսքով՝ պետք է ճանապարհ կառուցվեր, սակայն նրանք տեղեկացել էին, որ ցանկապատ է կառուցվելու:

«Նրանք որոշել էին, թե մենք ճաղավանդակի դեմ ենք պայքարում և խոչընդոտում, ինչի համար էլ բերման ենթարկեցին, իսկ վարչական շրջանի ղեկավարն էլ ոստիկանների կողքին կանգնած խաղաղ, հպարտ նայում էր, թե ինչպես են ուսուցիչները բերման ենթարկվում: Մենք հիմա գնում ենք խնդիրը հասկանալու»,- ներկայացրեց նա:

Tert.am-ը դեպքի առիթով պարզաբանում է խնդրել ՀՀ Ոստիկանությունից, որի վերաբերյալ ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը պատասխանել է, որ կրթահամալիրի տարածքից վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու հիմքով երեք անձ բերման է ենթարկվել:

Հիշեցնենք, որ նրանք բողոքի ակցիա էին անում, քանի որ հարակից թիվ 93 մանկապարտեզի տնօրինությունը ցանկանում է ցանկապատել մանկապարտեզի տարածքը, ինչը, ըստ կրթահամալիրի տնօրենի և ուսուցիչների, խոչընդոտում է սաների տեղաշարժը։