ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների թիվը 34 է, լրատվամիջոցների ներգրավվածությամբ նոր դատական գործերի քանակը՝ 23. ԽԱՊԿ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2020 թվականի երկրորդ եռամսյակի զեկույց է ներկայացվել։ Զեկույցը ներկայացնում ենք ստորև․

«2020թ․ երկրորդ եռամսյակը լրատվամիջոցների գործունեության համար շարունակել է մնալ բարդ ժամանակաշրջան՝ պայմանավորված կորոնավիրուսի չնահանջող համաճարակով և ներքաղաքական լարված իրավիճակով։

Արձանագրվել են ինչպես տարատեսակ ճնշումներ ու լրագրողական գործունեության խոչընդոտումներ, այնպես էլ ֆիզիկական բռնություններ, ինչը չկար նախորդ եռամսյակում։ Այսպես՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն գրանցել է ֆիզիկական բռնության 2 դեպք, որոնց ժամանակ տուժել է առնվազն 6 լրագրող։ Դրանք տեղի են ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  կազմակերպած ակցիաների ժամանակ։ Լրագրողական կազմակերպություններն այս առիթով հանդես են եկել դատապարտող հայտարարությամբ՝ ուղղված ոստիկանությանը, որից հետո դեպքի առնչությամբ ծառայողական քննություն է նշանակվել, և նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ լրագրողական գործունեության սահմանափակումներին, որոնք մտցվել էին առաջին եռամսյակում և գրաքննության էին նմանվում, երկրորդ եռամսյակի սկզբում դրանք հանվել են։ Այնուամենայնիվ, ԽԱՊԿ-ը գրանցել է 1 դեպք, երբ ոստիկանությունը վարչական վարույթ է հարուցել լրատվամիջոցի նկատմամբ՝ կորոնավիրուսային թեմայով հրապարակման առնչությամբ։

Ընդհանուր առմամբ դիտարկվող ժամանակահատվածում ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների թիվը 34 է, լրատվամիջոցների ներգրավվածությամբ նոր դատական գործերի քանակը՝ 23․ մեկ դեպքում լրագրողը դիմել է դատարան՝ տեղեկություն ստանալու իրավունքի խախտման առնչությամբ, իսկ 22 հայց ներկայացված է ընդդեմ լրատվամիջոցների՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով։ Սա 10-ով ավել է նախորդ եռամսյակի տվյալներից։

Դիտարկվող ժամանակաշրջանում իշխանությունները սոցցանցերի միջոցով ամենօրյա ուղիղ կապի մեջ են եղել հանրության հետ, իսկ երկրի վարչապետը մայիսի 16-ին տվել է նաև իր հերթական 5 ժամանոց ասուլիսը՝ պատասխանելով շուրջ 70 հարցի։ Այդուհանդերձ, պետական մարմինների պաշտոնական տեղեկատվությունը

ոչ միշտ է ժամանակին և ամբողջական հասանելի լինում լրատվամիջոցներին, ինչը հարուցում է վերջիններիս դժգոհությունը։ Երկրորդ եռամսյակի ընթացքում ԽԱՊԿ-ը գրանցել է տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 26 դեպք»։

Ստորև ներկայացնում ենք երկրորդ եռամսյակի խախտումների քանակական տվյալները և համեմատությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի և ս․ թ․ առաջին եռամսյակի հետ։

«Ֆրիդոմ հաուզ» և «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպություններն իրենց զեկույցներում, թեև հաստատել են խոսքի ազատության բարվոք մակարդակը հետհեղափոխական Հայաստանում, սակայն տագնապալի են համարել լրատվական դաշտի բևեռացվածությունը և ԶԼՄ-ների ու լրագրողների դեմ ներկայացվող հայցերի թվի աճի միտումը։ Ըստ այս կազմակերպությունների գնահատականների՝  Հայաստանում լրատվամիջոցները զերծ են պետական վերահսկողությունից, սակայն կախման մեջ են իրենց սեփականատերերից։

Այս առումով խիստ հրատապ է ԶԼՄ-ների սեփականության թափանցիկության ապահովման հարցը։ Դրա լուծումները պետք է առաջադրվեն նախ՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում, որի կատարելագործման համար խորհրդարանում ստեղծվել է աշխատանքային խումբ, ապա՝ նաև հեռարձակման ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ։

Դիտարկվող ժամանակաշրջանում Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքի նախագիծը, որն արժանացել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Երևանի մամուլի ակումբի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի սուր քննադատությանը, քանի որ միտված չէ ոլորտում բարեփոխումներ իրականացնելուն և չի նպաստելու առկա խնդիրները լուծելուն։ Ու թեև ԽԱՊԿ-ն ու գործընկեր կազմակերպությունները օրինագծի հեղինակներին մի քանի տասնյակ լրացումների ու փոփոխությունների առաջարկություններ են ներկայացրել, այդուհանդերձ համարմ են, որ փաստաթուղթը հայեցակարգային վերափոխման կարիք ունի։