Ինչ-որ մեկը պայթեցրել է ամերիկյան ավիակիրը

Համաշխարհային լրատվամիջոցները հայտնում էին, որ անցած մի քանի օրերի ընթացքում Թեհրանում և Իրանի մայրաքաղաքի մերձակայքում պայթյուններ են որոտացել, մարդիկ էին զոհվել: Իսրայելի և ԱՄՆ ԶԼՄ-ներում բացարձակ ուրախություն էր տիրում, կային բազմաթիվ հրապարակումներ այն մասին,  թե իբր, դա «ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայությունների գերազանց աշխատանքն է», կամ՝ «պատժում են Իրանին» և այլն: Այն, որ Իրանում իրոք ինչ-որ տարօրինակ գործընթաց էր տեղի ունենում, կասկած չկա: Փարչինի ռազմական պոլիգոնը, Նատանզե միջուկային կենտրոնի հարևանությամբ ինչ-որ կառույցներ, անհասկանալի դժբախտ պատահար Թեհրանի կլինիկական հիվանդանոցում և այլն. սա այն օբյեկտների թերի ցուցակն է, որտեղ պայթյուններ են որոտացել: Մենք ի վիճակի չենք պատասխանել կամ մեկնաբանել, թե ինչ էր այս ամենը: Չնայած Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ հետաքննություն է ընթանում, և հուլիսի 7-ին նույնիսկ տեղի է ունեցել Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստ, բայց միայն Նատանզեում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Եվ հասկանալի է, թե ինչու. սա հատուկ կենտրոն է, որն աշխատում է իրանական միջուկային հետազոտության ծրագրի իրականացման վրա: Այս հանդիպմանը մասնակցում էին Իրանի հետախուզության նախարար Խոջաթ ալ-էսլամ Սեյեդ Մահմուդ Ալավին, նրա տեղակալները, բանակի ՀՕՊ զորքերի բարձրաստիճան հրամանատարները և իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաները, և այդ փաստը մեզ հուշում է, որ իրանական իշխանությունները իսկապես անհանգստացած էին և զայրացած:

Մենք երկար ենք սպասել, քանի որ համոզված էինք, որ եթե նույնիսկ Իրանում տեղի ունեցած պայթյունների մեջ օտարերկրյա հետախուզական ծառայությունների «հետքեր» լինեն, ապա Իրանը, անշուշտ, հատուցման պատասխան հարված կհասցնի: Բացի դրանից, ինչպես հայտնի է, խորհրդարանական հանձնաժողովի մամուլի քարտուղար Աբոլֆազլ Ամուին հուլիսի 8-ին հայտարարել է, որ Նաթանզե քաղաքում տեղի ունեցած պայթյունի մասին արդեն իսկ նշանակալի եզրակացություններ են արվել, սակայն հետագա քննությունը դեռ շարունակվում է, և դեպքի մասին հասարակությանը կտեղեկացվի, երբ քննությունն ավարտվի: Այդ օրվանից հետաքննության մասին էլ ոչ մի լուր չկա:

Այնուամենայնիվ, նույն օրերին (հուլիսի 7-ին և 8-ին) լուծվել է շատ կարևոր հարց. Իրանն ու Չինաստանը վերջնականապես համաձայնեցրել են 25-ամյա համագործակցության համաձայնագիրը: ԱՄՆ-ը զարմացած էր և դժգոհ. Վաշինգտոնը խոստովանել է, որ Իրանի հետ համագործակցությունը չընդհատող Չինաստանի և Ռուսաստանի գործողությունները ոչնչացրել են «Իրանը աշխարհում մեկուսացնելու» ամերիկյան մարտավարությունը: Եվ ահա Չինաստանի հետ այս 25-ամյա համագործակցության համաձայնագրի մասին Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարություններից, ինչպես նաև սույն Համաձայնագրին ԱՄՆ-ի արձագանքից հետո, Թեհրանից ստացվել է ISNA գործակալության հաղորդումը: ISNA-ի մասին գրում են, որ հենց այդ գործակալությունն է հայտնում Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի նստավայրից ստացվող ամենաօպերատիվ նորությունները: Համաձայն ISNA-ի հաղորդման՝ հուլիսի 12-ին ամերիկյան «USS Bonhomme Richard» ավիակրի վրա տեղի է ունեցել պայթյուն՝ վթարի հետևանքով: Հետաքրքրությունն այստեղ այն է, որ այս ավիակիրը ոչ հեռու անցյալում «նավարկում էր» Պարսից ծոցից ոչ հեռու: ԱՄՆ իշխանությունները չցանկանալով են խոսում այն մասին, թե արդյոք կա՞ն մարդկային զոհեր, և եթե կան, ապա քանի մարդ է զոհվել և վիրավորվել, նրանք չեն խոսում նաև, թե ինչ մասշտաբի  վնաս է հասցվել ավիակրին և այլն:

Սակայն ISNA-ի հաղորդման մեջ կա մի հետաքրքիր նրբություն: Գործակալությունը գրում է, որ Իրանի ԻՀՊԿ «Քոդս» հատուկ ջոկատայինների նոր գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Էսմոիլ Քաանին որոշել է մեկնաբանել «USS Bonhomme Richard» ամերիկյան ավիակրի վթարը և հրդեհը։ Գեներալ-մայորը նշել է. «Ամերիկացիները չպետք է մեղավորներ փնտրեն և ուրիշներին մեղադրեն. դա հրդեհ է և վթար՝ կարգապահության բացակայության հետևանք և նրանց զինված ուժերի փլուզման նշան: Բանն այն է, որ ԱՄՆ զինված ուժերը հոգնած են և ապակողմնորոշված: Միացյալ Նահանգները պետք է հասկանա և ընդունի ակնհայտը` նա այլևս գերտերություն չէ և այլևս չի կարող իր պայմանները թելադրել աշխարհին»: Համաձայն ենք. առանձնահատուկ բան չկա նրա մեջ, որ «Քոդս» հատուկ ստորաբաժանման նոր գլխավոր հրամանատարը որոշել է մեկնաբանել ամերիկյան ավիակրի «հրդեհն ու վթարը»: Այնուամենայնիվ, միայն այն փաստը, որ այաթոլլահ Խամենեիին մոտ կանգնած ISNA գործակալությունը մեկնաբանության համար դիմել է գեներալ-մայոր Էսմոիլ Քաանին, մեր կարծիքով, պարունակում է մի փոքր կիսակնարկ: Ի վերջո, ինչպես հայտնում էին արևմտյան ԶԼՄ-ները, «USS Bonhomme Richard» ավիակրի «հրդեհից և վթարից» հետո պայթյուն է որոտացել: Դա ինչի՞ հետևանքն էր․ պայթյո՞ւն՝ հրդեհի և վթարի հետևանքով, թե հրդեհ և վթար՝ պայթյունի արդյունքում: Մենք դեռ պատրաստ չենք հաստատել։ Բայց … չէ՞ որ միջադեպը մեկնաբանել է հենց գեներալ-մայոր Էսմոիլ Քաանին։ ISNA-ի թղթակիցները հստակ գիտեին, թե ինչու է հենց «Քոդս» հատուկ ջոկատայինների գլխավոր հրամանատարը հանդես եկել մեկնաբանությամբ:

Ի վերջո, արդյո՞ք ամերիկացիներն ու իսրայելացիները չէին, որ սկսել էին սպառնալ Էսմոիլ Քաանին, երբ իմացան, որ հունիսին նա գաղտնի այցելել է Իրաք և Սիրիա: Եվ ահա, եթե անգամ ենթադրենք, որ Փարչինում և Նաթանզեում տեղի ունեցած պայթյունները դիվերսիայի (կամ սաբոտաժի) արդյունք էին, ինչպես պնդում էին ԱՄՆ և Իսրայելի ԶԼՄ-ները, ապա այժմ աշխարհը տեսնում է, որ, օրինակ, իրանական հատուկ ծառայությունները կարող են վնաս հասցնել կամ նույնիսկ ոչնչացնել ԱՄՆ ցանկացած ավիակիր: Իսկ եթե այդպես է, ապա, ի վերջո… նաև Իսրայելի միջուկային կենտրոնը Դիմոնայում այլևս անվտանգ չէ: Հինարևելյան իմաստությունը ճշմարիտ է. «Նա, ով քամի է ցանում, փոթորիկ է հնձելու»:

Սերգեյ Շաքարյանց