ՊՆ խոսնակը մանրամասներ է հայտնել վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակից

Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուսները դրական դինամիկա ունեն, 4 զինծառայող արդեն լավ է զգում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ամբողջ ընթացքում հայկական կողմից վիրավորում էր ստացել ընդհանուր 36 զինծառայող: «Նրանցից 20-ն է բուժօգնություն ստացել, մյուս 16-ը միանգամից վերադարձել են ծառայության, քանի որ շատ թեթև էին, քերծվածքատիպ վնասվածքներ էին ստացել: 20-ից 10-ն է հիմա բուժում ստանում: Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ դրական դինամիկայով, ձգտում են արդեն բավարար վիճակի: Եվս 4 զինծառայող արդեն լավ է իրեն զգում»,- ասել է Ստեփանյանն ու հույս հայտնել, որ առաջիկայում դուրս կգրվեն:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, նույնպես պահպանվել է հարաբերական անդորր։