Հանրային հեռուստաընկերությունն ու «Ազատություն» ռադիոկայանը չեն անդրադարձել կրթության նախարարության դեմ ուղղված բողոքի ակցիաներին. «Մեդիա պաշտպան»

Ինչպես Հանրային հեռուստաընկերության, այնպես էլ Ազատություն ռադիոկայանի հուլիսի 20-ի լուրերի թողարկումներում անդրադարձ չկար օրվա կարևոր իրադարձություններից մեկին՝ ընդունելության քննությունների արդյունքներից դժգոհ ծնողների բողոքի ակցիաներին։ Բրյուսովի մոտ բազմաթիվ ծնողներ նշում էին, որ կրթության նախարարության մեղքով անարդար իրավիճակ է ստեղծվել՝ 7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 բալ ստացածները՝ ոչ։ Դիմորդներից մեկն էլ ստացել է 16 միավոր, նշել է 8 բաժին, սակայն որևէ ֆակուլտետ չի ընդունվել։ Խնդրին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը․ «Այս պահին բազմաթիվ ծնողներ ԳԹԿ-ի առջև բողոքում են, որ իրենց դիմորդ երեխաները բարձր միավորներ են ստացել, սակայն չեն ընդունվել, քանի որ առաջնային հայտով չեն բավարարել պահանջներին։ Սակայն եթե միայն առաջնային հայտով պետք է առաջնորդվեին ընդունել, թե ոչ, ինչի համար է տրվել 8 հայտ ներկայացնելու հնարավորություն։ Եթե առաջին հայտով չի անցնում, ապա երկրորդ հայտն առնվազն պետք է մրցույթի մեջ մտնի։

Հիմա ստացվում է, որ, օրինակ, 8 միավոր ստացած դիմորդն ընդունվել է առաջին հայտով, իսկ մյուս դիմորդն, ով ստացել է 17 միավոր, չի անցնում ոչ մի բաժնում, որովհետև առաջին հայտին չի բավարարել։

Ստորև ԿԳՄՍ-ին ներկայացրել եմ նման դիմումներից մեկը, երբ դիմորդը չի ընդունվել ԵՊԲՀ։

Ծնողն այս պահին ահազանգում է, որ նախարարությունից հրաժարվում են գրանցել ընդունելության ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն»։ Պատգամավորն ավել ուշ հրապարակել է բազմաթիվ դիմորդների նամակներ։

Գրառում է արել նաև ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը․ «ԿԳՄՍ նախարար, կբացատրե՞ք էդ ֆոկուսը՝ ինչպե՞ս է հնարավոր 8.5 բալով ընդունվել բուհ, իսկ, ասենք, 18 բալով՝ ոչ։ Այսօր ինձ են դիմել տասնյակ ծնողներ, ովքեր ինձ հետ միասին ուզում են հասկանալ, թե ինչպե՞ս է 8.5-ը 18-ից շատ։ Ծնողներին հստակ պարզաբանում պիտի տրվի»։

Համացանցանցում ևս այս թեմայով բողոքի ալիք է բարձրացել։ Սակայն այս մասին երկու լրատվամիջոցները նախընտրել են լռել։ Փոխարենը, Հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է կրթության նախարարության պաշտոնական հաղորդագրությունը, որ մեկնարկում է ԲՈՒՀ-երի թափուր տեղերի մրցույթը։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նկատում է, որ այս երկու լրատվամիջոցը շարունակաբար փորձում են շրջանցել հասարակության առջև ծառացած սուր խնդիրները: Սա հասարակությանը հուզող այն կարևոր իրադարձություններից էր, որին գրեթե բոլոր հեռուստաընկերություններն անդրադարձել էին: