Դավիթ Տոնոյանի մասին դիտարկվել են բազմաթիվ դրական հոդվածներ

2020թ-ի հուլիսի 5-ից 15-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 409 հոդված, որոնցից 4-ը եղել է բացասական, 39-ը՝ դրական, 366-ը՝ չեզոք։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մասին դիտարկվել են բազմաթիվ դրական հոդվածներ։

Մովսես գյուղի հոգևոր հովիվ Տեր Աբելը գիշերվանից պարբերաբար տեղեկություններ է տրամադրում սահմանային իրավիճակի վերաբերյալ: Նա, անդրադառնալով սահմանային գյուղերում ապրողներին զենք տրամադրելուն, ասել է. «Չէ, էդպես չի կարելի անել, մենք համարյա թե բոլոր նախարարների հետ այդ հարցը քննարկել ենք։ Ե՛վ իմ սիրելի Դավիթ Տոնոյանի, հետ, երբ դեռևս ԱԻ նախարար էր, էդ ժամանակ քննարկել էինք, որ ԱԻՆ զինված ստորաբաժանումներ լինեն գյուղում, եւ սա արդեն երկու տարի է՝ կա։ Շատ գյուղերում ԱԻՆ-ն իրականացնում է ծառայություն։ Այսինքն՝ զենք կա գյուղում, որը պետության պահպանության ներքո է։ Չի կարելի զենք տալ բնակչությանը․ սա անպատասխանատու իրավիճակ կստեղծի»:

Արձակագիր Դավիթ Սարգսյանը, անդրադառնալով սահմանային լարվածությանն, նշել է. «Մենք պետք է նկատի ունենանք թուրքի պարզունակ նենգությունը, խորամանկությունը, այն հնարքը, որ հնարավոր է նրանք հյուսիսում թեժացնեն վիճակը, իսկ հարավում՝ անցնեն ավելի խոշոր գործողությունների։ Լավ ճանաչելով եւ խոնարհվելով Դավիթ Տոնոյանի առաջ, որպես ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատու, վստահ եմ, որ կհայտարարվի ընդհանուր տագնապ՝ առաջին պատրաստակամություն, հայ-ադրբեջանական սահմանի բոլոր կետերում, սկսած Նախիջևանից, վերջացրած Արցախի սահմանագծով»:

«Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրեն, Նոտր Դամի համալսարանի ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր Անի Ապրահամյանը Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ իր երախտագիտություն է հայտնել՝ երկարաժամկետ ծրագրերի շուրջ համագործակցության պատրաստակամության համար և, մասնավորապես, նշել. «Պարոն նախարար, շնորհակալ եմ ջերմ ընդունելության և Ձեր կողմից առաջարկած գաղափարների իրագործման համար, որոնք մեծ հաջողություններ են բերել պաշտպանության ոլորտին: Միևնույն ժամանակ շնորհակալ եմ, որ իրատեսական եք համարում գիտության և ռազմարդյունաբերության ոլորտում համատեղ ջանքերի գործադրումը: Պատրաստ ենք միասնական ուժերով նոր հաջողություններ գրանցել»: