Հայաստանի ԱԷԿ-ին Ադրբեջանի հարվածի հնարավորությունը

Հայաստանի ԱԷԿ-ին հարվածելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության սպառնալիքը նոր չէ: Դեռևս 2018թ. հուլիսին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքելով անհրաժեշտության դեպքում Մինգեչաուրի ՀԷԿ-ին հարվածելու հայկական կողմի պատրաստակամության մասին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի հայտարարությանը, ակնարկել էր ՀԱԷԿ-ին հարվածելու հնարավորության մասին. «ՀՀ տարածքում կան օբյեկտներ, որոնց ոչնչացումից հետո այնտեղ հարյուրավոր տարիներ կյանք չի լինի»:

Ավելի վաղ, 2018թ. հուլիսի 24-ին Արցախի այն ժամանակվա ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը Ստեփանակերտում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Մինգեչաուրի ՀԷԿ-ին հարված հասցնելու հնարավորության վերաբերյալ հարցին, հայտարարել էր.

«Հնարավորություն ունենք կաթվածահար անելու Ադրբեջանի տնտեսությունը, սակայն դրա առիթն առայժմ չեմ տեսնում: Մարտական արվեստը պահանջում է, որ նման ռազմական օբյեկտներին հարվածներ հասցվեն։ Դա կվնասի տնտեսությանը ու կբացառի հակառակորդի ԶՈՒ-ին համապատասխան պաշարների մատակարարման հնարավորությունը։ Այդ օբյեկտը մեր նախագծերում է»:

Լևոն Մնացականյանը հավելել էր նաև, որ ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե կլինի՞ արդյոք այդպիսի անհրաժշետություն, առայժմ այդպիսի անհրաժեշտություն չկա: Մինգեչաուրի ջրամբարն Արցախի առաջնագծից ընդամենը մոտ 50 կմ է հեռու:

Դրանից ավելի վաղ, դեռ 2017թ. մարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում հայտարարել էր, որ «Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդեր»-ի համազարկի հրաման արձակելիս»: Գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը) նույնպես խոսել էր «Իսկանդեր» համալիրի օգտագործման հնարավորության մասին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ի պատասխան Արցախում Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հիշյալ հայտարարության, 2017թ. մարտի վերջին հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես նշված էր.

«Հայկական կողմը պետք է գիտակցի, որ Հայաստանի բոլոր ռազմական և ռազմավարական օբյեկտները գտնվում են Ադրբեջանի ԶՈւ ժամանակակից հրթիռների և համազարկային համակարգերի նշանառության տակ: Ցանկացած սպառնալիք Հայաստանի կողմից` վճռականորեն կանխվելու է, հետևանքները Հայաստանի համար լինելու են ողբերգական և անդառնալի»:

Գրեթե նույն ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի պահեստի գնդապետ Շահին Ռամալդանովն  «АзерТАдж»-ին տված մեկնաբանությունում ասել էր, որ ի պատասխան ՀՀ-ի կողմից «Իսկանդեր»-ի օգտագործման, Բաքուն կհարվածի Մեծամորի ԱԷԿ-ին, և այդ ժամանակ Հայաստանում մի քանի դար ոչ ոք չի կարողանա ապրել:

Ադրբեջանի ԶՈՒ պահեստի գնդապետ Շ. Ռամալդանովն իր այս հայտարարությամբ անուղղակիորեն խոստովանել էր, որ Ադրբեջանը չունի «Իսկանդեր»-ի հրթիռը խոցելու որևէ հնարավորություն, այլապես կասեր, որ «Իսկանդեր»-ի օգտագործման դեպքում Ադրբեջանն «Իսկանդեր»-ի հրթիռները կխոցի իր զինանոցում եղած ու դրա հնարավորությունն ունեցող այս կամ այն հակահրթիռով: Դրա փոխարեն, որպես Հայաստանի կողմից «Իսկանդեր»-ի հնարավոր կիրառումը զսպելու, կանխելու միջոց, նա սպառնացել էր «Իսկանդեր»-ի կիրառման դեպքում Բաքվի կողմից նույնիսկ այդ ծայրահեղ քայլին գնալ` հարվածել ՀԱԷԿ-ին:

Ինչ վերաբերում է մեր «Իսկանդեր»-ին, ամեն ինչ պարզ է. այն աշխարհում չունի իր նմանակը, Ադրբեջանի ունեցած սպառազինության համար գործնականում անխոցելի է, ունի շուրջ 300 կմ հեռահարություն ու թիրախին մեծ ճշգրտությամբ հարված հասցնելու հնարավորություն: Դրանով մենք կարող ենք շատ կարճ ժամանակաընթացքում անվրեպ խոցել ու շարքից հանել «Իսկանդեր»-ի հրթիռների հասանելիության տիրույթում գտնվող Ադրբեջանի ռազմավարական նշանակության ռազմական ու տնտեսական օբյեկտներից (նավթի ու գազի հանքեր, տերմինալներ, մայրուղային խողովակաշարեր, օդանավակայաններ, զինապահեստներ, որոշ էլեկտրակայաններ և այլն) ցանկացածը:

Այլ խնդիր է, թե ՀԱԷԿ-ին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքը գործնականում իրագործելի՞ է… Եթե այո, ապա դրա ո՞ր մասն է համապատասխանում իրականությանը, և ո՞ր մասն է շինծու, պարզապես մեզ վախեցնելու նպատակն ունեցող կամ ներքին սպառման, այսինքն` այսինքն սեփական հանրությանը հանգստացնելու կամ մոլորեցնելու համար:

Նախքան վերոնշյալ հարցերին անդրադառնալը, նշենք, թե մենք ռազմավարական նշանակության և կարևորագույն ինչ օբյեկտներ ունենք, և դրանցից որո՞նք են Ադրբեջանի համար սկզբունքորեն անխոցելի: Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունեն ՀԱԷԿ-ը, Հրազդանի և Երևանի ջերմաէլեկտրակայանները, Մատենադարանը, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարանը, օդանավակայանները, զինապահեստները:

Գազի պահեստարանը սկզբունքորեն անխոցելի է հակառակորդի համար, քանի որ այն ստորգետնյա է, ավելին` ունի շուրջ 750–1050 մետր խորություն, որը խոցելի չէ ոչ միայն Ադրբեջանի սպառազինության կազմում գոյություն ունեցող, այլև, թերևս, աշխարհում առկա որևէ ռումբի և հրթիռի համար: Մատենադարանը տարածության առումով թեև նույնպես հասանելի, բայց դրանում գտնվող գանձերը, գազապահեստարանի նման, խոցելի չեն Ադրբեջանի ունեցած հրթիռների, արկերի, ռումբերի համար, քանի որ, որքան տեղյակ ենք, գտնվում են ժայռային բացվածքում և բունկերային տիպի պահոցներում:

Ինչով կարող է հարվածել Ադրբեջանը ՀԱԷԿ-ին

Իսրայելական արտադրության LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի հրթիռներով (կախված հրթիռի մակնիշից, հեռահարությունը` մինչև 300 կմ, մարտագլխիկի քաշը` 400-600 կգ):

Բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի չինական հրթիռներով (կախված դրանց մակնիշից, հեռահարությունը` մինչև 200 և մինչև 280 կմ, մարտական մասի քաշը` մինչև 480 կգ):

Թուրքական SOM թևավոր հրթիռներով (հեռահարությունը` ավելի քան 180 կմ, մարտագլխիկի քաշը` շուրջ 230 կգ):

Խորհրդային և ռուսական «Точку-У» մարտավարական հրթիռային համալիրի հրթիռներով, եթե ունի այդ հրթիռների ոչ թե 70, այլ 120 կմ հեռահարության արդիականացված տարբերակը (մարտական մասի քաշը` 482 կգ):

Խորհրդային և ռուսական «Смерч» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արկերով (կախված ռեակտիվ արկերի մակնիշից, հեռահարությունը` 70-120 կմ):

Су-24 ռմբակոծիչների (յուրաքանչյուրը կարող է կրել ընդհանուրը մինչև 7 տոննա ռումբեր կամ մինչև 7,5 տ հրթիռներ) մարտավարական նշանակության ավիացիոն ռումբերով և «օդ-երկիր» դասի հրթիռներով, որոնցից և ռումբերի, և հրթիռների քաշը և ավերիչ ուժը մեծ չէ (եթե, իհարկե, այդ ռումբերը տեղափոխող ինքնաթիռները կարողանան հասնել ՀԱԷԿ-ին խոցելու գոտի):

Ինչով կարող է Հայաստանը խոցել վերոնշյալ հրթիռները, արկերը, ռազմական ավիացիան

Ավիացիան` հակաօդային պաշտպանության տարբեր համակարգերով, Հայաստանն ունի հզոր և ժամանակակից ՀՕՊ համակարգ: Մեր ատոմակայանը պաշտպանվում է ՀԱԷԿ-ից ոչ հեռու գտնվող հակաօդային պաշտպանության N զորամասի կողմից, որի պաշտպանության գոտին հասնում է Թուրքիայի սահմանին, Ադրբեջանի սահմանին` Նախիջևանի կողմից, և անցնում: Նշված զորամասի մոտ 200 կիլոմետր տրամագիծ ունեցող պաշտպանության ու պատասխանատվության գոտում են գտնվում ՀԱԷԿ-ը, Երևանը, «Զվարթնոց» և «էրեբունի» օդանավակայանները, ՀՀ զինված ուժերի հրամանատարական կետը, թիկունքային կառավարման կետը, Հայաստանի Հանրապետության ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կետը, զորքերի խմբավորումների մի մասը:

Հրթիռները, արկերը, թևավոր հրթիռները` С-300ПС և С-300ПТ զենիթահրթիռային համալիրի հրթիռներով, թերևս նաև ՀՕՊ-ի այլ միջոցներով:

Նման վտանգի դեպքում, անշուշտ, գործի կդրվեն նաև Հայաստանում գտնվող Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ավելի մեծ հնարավորություններ ունեցող С-400 զենիթահրթիռային համալիրները, ինչպես նաև 102-րդ ռազմաբազայի 988-րդ զենիթահրթիռային գնդի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ունիվերսալ բազմուղի զենիթահրթիռային С-300В («Антей-300В») համալիրների B շարքի հրթիռները, որոնք հիմնականում հարմարեցված են հենց հրթիռների խոցման համար: Դրանցով կխոցվի Ադրբեջանից արձակված ցանկացած մարտավարական, նույնիսկ օպերատիվ-մարտավարական հրթիռ:

Հրթիռները և արկերն իրենց թիրախից շեղելու հարցում թերևս իրենց դերը կունենան ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից միջոցները:

Եթե Ադրբեջանի հրթիռները, արկերը, ռումբերը, այնուամենայնիվ, հասնեն ՀԱԷԿ-ին

Ի՞նչ կլինի այն դեպքում, եթե, այնուամենայնիվ, Ադրբեջանի մարտավարական ճակատային Су-24 ռմբակոծիչներից մեկը կամ մի քանիսը հասնեն ՀԱԷԿ-ին ու ռմբակոծեն, կամ ՀԱԷԿ-ին հասնեն Ադրբեջանի ունեցած վերոնշյալ զինատեսակների հրթիռները, արկերը: Մեր հակահրթիռային պաշտպանության միջոցների կողմից Ադրբեջանից արձակված հրթիռները, ՀԿՌ համակարգերի արկերը կամ այնտեղից օդ բարձրացած ինքնաթիռները հայտնաբերելու, տագնապի ազդանշանի դեպքում ատոմակայանում կառավարվող շղթայական ռեակցիան կանգնեցնելու համար որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ ատոմակայանի անձնակազմին: Դեռ 2017թ. պատասխանելով իմ այս հարցին, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր ճարտարագետի տեղակալ (անվտանգության գծով) Հովիկ Աթոյանն ասաց.

«Ռեակտորը կանգնեցնելու համար մեզ անհրաժեշտ է մի քանի րոպե, իսկ անվտանգության վիճակի բերելու համար ժամեր է պետք, 24 ժամ»:

Ենթադրենք, թե հակառակորդը հրթիռով կամ ռումբով կկարողանա խոցել ՀԱԷԿ-ը, և հարվածն այնքան հզոր կլինի, որ ատոմակայանի պաշտպանիչ շերտերը խորտակելով, կխփի արդեն կանգնեցված վիճակում գտնվող ռեակտորին, դրա հետևանքը նո՞ւյնը կլինի, ինչ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարինը, թե ավելի մեղմ, քանի որ ռեակտորը, ի տարբերություն Չեռնոբիլի ԱԷԿ-ի ռեակտորի, արդեն կանգնեցված վիճակում կլինի: Պատասխանելով այս հարցին, Հ. Աթոյանն ասաց.

«Նույնիսկ եթե աշխատանքի ժամանակ խփեն, հետևանքը նույնը չի լինի, որովհետև մեր ռեակտորն ընդհանրապես այլ տիպի է, և համակարգերը նախատեսված են նույնիսկ այդպիսի հարձակումների դեպքում, անկախ մարդու միջամտությունից, շղթայական ռեակցիան դադարեցնելու համար»:

Դատելով Ադրբեջանի վերոնշյալ հրթիռների և արկերի արագությունից, դրանք ՀԱԷԿ-ին կարող են հասնել ավելի շուտ (թերևս 1-2 րոպեում), քան հնարավոր կլինի կանգնեցնել ռեակտորը:

Այնուամենայնիվ, եթե թեկուզ շղթայական ռեակցիան դադարեցված լինի, բայց հարվածն այնքան հզոր լինի, որ ճեղքի ռեակտորի պատյանը, ի՞նչ կլինի:

«Մեր ռեակտորը հաշվարկված է այնպես, որ եթե նույնիսկ ծանր ինքնաթիռը, ասենք, «Իլ-86»-ի կամ «Բոինգ-747»-ի կարգի, ընկնի ուղիղ ՀԱԷԿ-ի շենքի վրա, որում կամ որի տակ ռեակտորն է, ոչ մի բան էլ չի լինի,- ասաց գլխավոր ճարտարագետի տեղակալը:- Կարող է որոշ վնասներ լինեն, բայց, բոլոր դեպքերում, միջուկային վթար չի լինի, միջուկային վառելիքին վնասել չի լինի»:

Հավելենք, որ «Իլ-86»-ի առավելագույն քաշը 215 տոննա է, իսկ «Բոինգ-747»-ի ամենաթեթև մոդիֆիկացիայի (747-100B) առավելագույն քաշը` ավելի քան 333 տ:

ՀԱԷԿ-ին իսրայելական արտադրության LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի 400-600 կգ մարտական մաս ունեցող հրթիռի հարվա՞ծն ավելի ուժեղ կլինի, թե ՀԱԷԿ-ին այն հարվածը, որը կառաջանա նրա վրա 333 տ քաշ ունեցող ինքնաթիռի ընկնելու դեպքում: Այս հարցի պատասխանը միայն մասնագետներին, ավելի ճիշտ, նույնիսկ նեղ մասնագետներին է հայտնի:

Արթուր Հովհաննիսյան