Մեկնարկում է «Սահմանային համայնքների հզորացում» դրամահավաք-արշավը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը  սկսում է «Սահմանային համայնքների հզորացում» դրամահավաք-արշավը: «Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերվել  համայնքներին՝ ենթակառուցվածքների հիմնարար ծրագրերով, համայնքային կենտրոններ, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, սոցիալական բնակարաններ կառուցելով, բուժանձնակազմերին նոր գիտելիքներ փոխանցելով, հիվանդանոցներին նորագույն սարքավորումներ տրամադրելով, նորարարական գյուղատնտեսական նախագծերով, արևային էներգիայի վահանակներով ու ջրատաքացուցիչներով, մաքուր խմելու ջրով և այլն։

«Սահմանապահ համայնքները Հայաստանի և Արցախի անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեն, ուստի այդ համայնքներին անվտանգային, տնտեսական և սոցիալական աջակցությունը համազգային առաջնահերթություն է։ Հիմա ավելի, քան երբևէ, այս աջակցությունն անհրաժեշտ է, ինչը կօգնի հզորացնել Տավուշի սահմանային բնակավայրերի ռեսուրսները և կայունացնել համայնքները, ամուր պահել հայրենի հողն ու ջուրը, և, ի վերջո, ապահովել սահմանների անվտանգությունը։ Օրեր առաջ խախտված հրադադարը կրկին ալեկոծեց մեր երկրի խաղաղությունը։ Այսօր սահմանային համայնքների բնակիչները մեր, որպես միասնական համահայկական ընտանիքի, աջակցության կարիքն ունեն։

Հավաքագրված ամբողջ գումարը կուղղվի սահմանային համայնքների ամենահրատապ անհրաժեշտություն ունեցող սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրմանը՝ սկսած վնասված տները վերակառուցելուց, համայնքները վերականգնվող էներգիայով և խմելու ջրով ապահովելուց, տուժած համայնքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելուց, սահմանային հիվանդանոցները հզորացնելուց մինչև դպրոցականներին հեռավար կրթության համար անհրաժեշտ գործիքներ   տրամադրելը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հիմնադրամը կոչ է անում միանալ համահայկական այս կարևոր ձեռնարկին։ Ցանկացողները նվիրատվությունները կարող են իրականացնել՝ փոխանցումներ կատարելով «Հայաստան» հիմնադրամի բանկային հաշվեհամարներին, ինչպես նաև հիմնադրամի կայքում ստեղծված հատուկ դրամահավաք-արշավի այս հարթակում՝ https://www.himnadram.org/hy։

«Նվիրատվությունները կարող եք իրականացնել նաև Սփյուռքում գործող hիմնադրամի տեղական մարմինների միջոցով։ Բոլոր նվիրատուների անունները և նվիրաբերած գումարների չափը համակարգը գեներացնում է այս էջում: Դրամահավաք–արշավի վերաբերյալ ամփոփիչ հաշվետվությունը կներկայացվի ծրագրի ավարտին։ Միասի՛ն հզորացնենք մեր սահմանապահ համայնքները»,-նշված է հիմնադրամի հաղորդագրության մեջ: