Սահմանային բախումների հետևանքով վնասվել է 50 շինություն, 12-ում արդեն սկսվել են վերանորոգման աշխատանքները․ Հայկ Չոբանյան

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 50 շինություն այս կամ այն չափով վնասվել է, դրանցից 12-ում արդեն սկսվել են վերանորոգման աշխատանքները։ Այս մասին այսօր Իջևանի տեղեկատվական կենտրոնում տեղի է ունեցած ճեպազրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Մեծ ծավալով իրականացվում են վերականգնողական աշխատանքներ, բայց վերականգնողական աշխատանքներից բացի, առավել կարևոր է ամբողջությամբ վերադառնալը բնականոն աշխատանքին, տնտեսական կյանքին։ Այսօր առավոտվանից մենք հնարավորություն ունենք նույն ձևով ներգրավվելու տնտեսական կյանքի մեջ։ Վերականգնողական գործընթացին այսօրվանից կսկսեն փոխարինել զարգացման ծրագրերը»,- ասաց նա։

Տավուշի մարզպետի խոսքով՝ այսօր ստեղծվել է ևս մեկ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի գյուղատնտեսական վնասները, քանի որ հրետակոծությունից վնասվել են նաև գյուղատնտեսական տարածքներ, անասնաֆերմաներ։ Ավելի վաղ ստեղծված հանձնաժողովը գնահատում և  գույքագրում է բնակիչների տների և համայնքային շինությունների վնասվածությունը։

«Ստեղծվել է նաև սոցիալ-հոգեբանական հանձնաժողով՝ համայնքներում սոցիալ-հոգեբանական իրավիճակի ուսումնասիրության, ըստ անհրաժեշտության՝ համապատասխան միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ, այդ թվում՝ երեխաների ամառային հանգիստը պատշաճ կազմակերպելու»,- նշեց Հայկ Չոբանյանը։