RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է Հայաստանի իշխանություններին. Aysor.am

«Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը դիմել է ՀՀ իշխանություններին: Aysor.am-ի տեղեկացմամբ, նա մասնավորապես գրել է. «Ես դիմում եմ Հայաստանի իշխանություններին: Հենց իշխանություններին, այլ ոչ թե ժողովրդին, որի մաս եմ կազմում: Դիմում եմ միայն այն պատճառով, որ ձեր ինտերնետային զորքերը կեղտոտում են իմ սոցիալական ցանցերը (գռեհիկ ու ագրեսիվ տեսքով) պահանջով՝ «արտահայտել իմ դիրքորոշումը»:

Խնդրում էին՝ արտահայտում եմ:

Նայեք ինքներդ ձեզ կողքից: Տեսեք, թե ինչ եք անում: Ինչպես եք վարվում: Ինչիսի՞ հայեր եք:

Հայերը ազնիվ, ազնվական և շնորհակալ ժողովուրդ են: Միշտ էլ այդպիսին են եղել: Եվ դուք ձեզ պահում եք այնպես, ինչպես (ԱՐԳԵԼՎԱԾ Է ՌՈՍԿՈՄՆԱԴԶՈՐԻ ԿՈՂՄԻՑ):

Ի պատասխան Ռուսաստանից ստացված երկարատև բարության և պաշտպանության, դուք չճանաչեցիք Ղրիմը: Որովհետև դա Հայաստանի ներքին գործն է:

Բացառապես քաղաքական վրեժխնդրությունից՝ դուք կալանավորեցիք Ռոբերտ Քոչարյանին` Ռուսաստանի անփոփոխ դաշնակցին: Կալանավորեցիք հատուկ, ցուցադրաբար՝ թքելով հենց ձեր «ռուս ընկերների» դեմքին: Քանի որ դա Հայաստանի ներքին գործն է:

Դուք ողողել եք երկիրը հակառուսական հասարակական կազմակերպություններով, որոնք ձեր տարածքում գտնվող երիտասարդներին սովորեցնում են, թե ինչպես տապալել կառավարությունը Ռուսաստանում: Դուք դարձել եք Կովկասում հակառուսական ուժերի ցատկահարթակ: Որովհետև դա Հայաստանի ներքին գործն է:

Դուք վռնդեցիք ազգությամբ հայ ռուսաստանցի գործարարներին: Դուք Ռուսաստանի հետ որևէ կապ չեք ուզում ունենալ: Որովհետև դա Հայաստանի ներքին գործն է:

Ձեր լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերն ամեն ժամ կեղտ են շպրտում Ռուսաստանի, Պուտինի, բոլոր նրանց, ովքեր սատարում են Պուտինին, հատկապես ռուսաստանցի հայերի վրա (օրինակ՝ ես): Դուք բաժանել եք դժբախտ, արդեն անհետացող հայ ժողովրդին թշնամիների՝ ռուս հայերի և «իսկականների»՝ նրանց, ովքեր աջակցում են ձեր ակնթարթային իշխանությանը: Որովհետև դա Հայաստանի ներքին գործն է:

Եվ հիմա, երբ ձեր սահմանում պատերազմ է, երբ ձեր ռեժիմի հենց գոյությունը սպառնալիքի տակ է, երբ ամբողջ աշխարհի հայերն արդեն տեսնում են ենիչերների վերածնված ուրվականները ծուռ դանակներով, որոնցով նրանք մորթում էին մեր նախնիներին, հիշեցիք, որ Ռուսաստանը պետք է նորից փրկի ձեզ:

Արդյոք դա Հայաստանի ներքին գործը չէ՞:

Վերջին տարիներին Ռուսաստանի նկատմամբ ցուցաբերած բոլոր չար ու խեղդող արհամարհանքներից հետո, արդյոք ձեր տեղեկատվական զորքերը և ինքներդ համարո՞ւմ եք, որ իրավունք ունեք սպասել օգնության:

Իրականում, ձեր արած ամեն ինչից հետո Ռուսաստանն ունի բարոյական իրավունք՝ թքել ձեզ վրա և տրորել ձեզ:

Բայց նա դա չի անի: Ես համոզված եմ. կօգնի նաև այս անգամ:

Քանի որ Ռուսաստանն այդպիսին է: Մեծահոգի և շնորհակալ, իմ հայրենիք, անկրկնելի:

Իսկ դուք պարզապես մի բուռ աղաղակող քաղաքական գործիչներ եք, որոնք դավաճանում են մեծ հայ ժողովրդի շահերը մի րոպեանոց իշխանության և մանր անձնական վրեժխնդրության համար:

Գիշերը կարդացեք Նարեկացի: Գուցե ձեր մեջ արթնանան հայ բարեխղճության մնացորդները և բարին գնահատելու կարողությունը:

Եթե դուք չունեք Նարեկացի, ապա ես ձեզ կփոխանցեմ: Այն իմ պահարանում է:

Ինչ վերաբերում է երկու կողմերի պատերազմին, ես միայն մի բան կասեմ. կանգ առեք: Պատերազմից ավելի վատ բան չկա: Ես դա գիտեմ իմ սեփական մաշկի վրա: Պարզապես կանգ առեք, քանի դեռ ուշ չէ»: