Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդը կրակել է ՀԱՆ-17 տիպի նռնականետից

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից 9 անգամ խախտել է կրակի դադարեցման ռեժիմը` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 137 կրակոց:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր. 2 անգամ, ընդ որում՝ հակառակորդը կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ։ Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է։ Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Բերդավան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր. ոչ նպատակային կրակ է վարվել 4 անգամ։ Հայկական կողմից պատասխան կրակ չի եղել։ Խնձորուտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր. ոչ նպատակային կրակ է վարվել 2 անգամ։ Հայկական կողմից պատասխան կրակ չի եղել»,- հայտնել է Ստեփանյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ հակառակորդը մեկ անգամ կրակել է նաև Պարույր Սևակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, սակայն հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է։

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: