Մյունխենում հայերը բողոքի ակցիա են անում ադրբեջանական ագրեսիայի դեմ. tert.am (տեսանյութ)

Մյունխենում հայերը բողոքի ակցիա են անում ադրբեջանական ագրեսիայի դեմ։

Հիշեցնենք, որ երեկ էլ Լոնդոնում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները փորձել են ցույց կազմակերպել ՀՀ դեսպանատան մոտ և գրոհել ՀՀ դեսպանատան վրա, սակայն հայ համայնքի ներկայացուցիչները պատ են կազմել՝ պաշտպանելով դեսպանատունը։

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։

Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 4: Կան վիրավորներ:

Լույս հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմանում, Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է, և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել: 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Հուլիսի 17-ին հարաբերական անդորր է եղել: Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով հակառակորդը կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր: