ՀԱԷԿ-ին հարվածելու Ադրբեջանի ՊՆ հոխորտանքը սին է, երկրորդ Չեռնոբիլ չի լինի

Հուլիսի 12-ից Տավուշի մարզի Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակը թշնամու սադրանքից ու նախահարձակ գործողություններից հետո կտրուկ սրվել է: Արդեն 4 զոհ ունենք, Հայրենիքի համար նահատակված չորս պայծառ հայորդիներ, զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, կան այլ վիրավորներ: Հարձակման են ենթարկվել նաև մեր խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական բնակչության շրջանում էլ տուժած թե տուժածներ ունենք, մարդիկ պատսպարվել են թաքստոցներում, ունենք տեխնիկայի կորուստ, վնասվել են տներ, գազի խողովակաշարեր:

Ավելին. Ադրբեջանը մեծացրել է բախման աշխարհագրությունը, անցած գիշեր Տավուշի մարզում կրակոցներ են եղել ոչ միայն բուն մարտական գործողությունների հատվածում, որոնք ընթանում էին վերջին օրերին, այլ Տավուշի ամբողջ սահմանի երկայնքով, այդ թվում` Նոյեմբերյանի ուղղությամբ: Կրակոցներ են եղել նաև Գեղարքունիքի, Նախիջևանի հատվածներում, հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր, այդ թվում մեծ տրամաչափի, բախումը ցանկացած պահի կարող է վերածվել լայնամասշտաբ պատերազմի, մանավանդ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ կարծես թե արտաքին հզոր ճնշում կա սորոսական, գլոբալիստական ուժերի կողմից:

Թուրքիան էլ, իր հերթին, երկրի նախագահի և այլ պաշտոնյաների մակարդակով շարունակում է աջակցություն հայտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային: «Անադոլու» գործակալության տեղեկացմամբ, ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, որը ղեկավարել է պաշտպանության փոխնախարար, ՌՕՈՒ-ի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն Ադրբեջանին վերստին աջակցություն խոստանալով, հայտարարել է, որ վերջին իրադարձությունների համապատկերին կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցառումները:

«Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի Թովուզի շրջանի վրա ստոր հարձակումը,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:- Ադրբեջանցի զինվորականների մահն անպատասխան չի մնա»:

«Թուրքիան աջակցում է Ադրբեջանում եղբայրների անձնվեր պայքարին,- հավաստել է Աքար:- Եվ այս մասին հայտարարում են Թուրքիայի բոլոր բնակիչները, այդ թվում՝ անձամբ նախագահ Էրդողանը: Մենք ղեկավարվում ենք «Երկու երկիր, մեկ ազգ» սկզբունքով: Թուրքիան եղել եւ մնում է Ադրբեջանի բարեկամը: Մենք կշարունակենք եղբայրներին աջակցել: Թուրքիան ու նրա բանակն այս ուղղությամբ ուժերի սահմաններում քայլեր կձեռնարկեն: Դրանում ոչ մի կասկած չի կարող լինել»:

Այսօր էլ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրն է Ադրբեջանին խոստացել օգնել ոչ միայն փորձով, այլև զենքով։

«Մեր պաշտպանական արդյունաբերությունը մշտապես գտնվում է Ադրբեջանի տրամադրության տակ է՝ իր ամբողջ փորձով, տեխնոլոգիաներով և հնարավորություններով, մեր անօդաչուներից մինչև զինամթերք և հրթիռներ, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր»,- գրել է Դեմիրը Twitter-ի իր էջում։

Ահա այս իրավիճակում, իրադարձությունների զարգացման այս համապատկերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանին հրթիռային հարված հասցնելու մասին: Ինչպես արդեն հայտնի է, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյահլին նախօրեին հայտարարել էր. «Հայկական կողմը չպետք է մոռանա այն մասին, որ ադրբեջանական բանակի սպառազինության մեջ եղած ամենաժամանակակից հրթիռային համակարգերը թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի Հայաստանի համար մեծ աղետի»:

Ռուս քաղաքագետ Արկադի Դուբնովն իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանելով ՀԱԷԿ-ին հարվածելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, գրել է.

«Համեցեք Հարավային Կովկասի հոգեբուժարան:

Ամբողջ աշխարհի հայկական լոբբին ոչ մի փողի դիմաց չի կարողանա ցույց տալ պաշտոնական Բաքվի հոգեկան անհամարժեքությունը, ինչպես դա հաջողվեց անել հասարակ ադրբեջանցի գնդապետին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարին»:

«Օրվա ընթացքում ադրբեջանական քարոզչությունը փայլեց հերթական գլուխգործոցով, պաշտոնապես Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հայտարարվեց Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին,- երեկ լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ հիշյալ հայտարարությանը, ասել է Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:- Որևէ պաշտոնական հաղորդագրություն, հայտարարություն Հայաստանի ԶՈւ մարմինների կողմից չի եղել որևէ նման քաղաքացիական կամ ռազմավարական, կամ ոչ ռազմավարական օբյեկտի հարվածելու մասին: Ավելին, ես հայտարարեցի, որ նույնիսկ ադրբեջանական գյուղերում որևէ տուն չի թիրախավորվում մեր զինված ուժերի կողմից: Ես շատ ուրախ եմ, որ մեր քաղաքական  գործիչները, մեր դիվանագիտական կորպուսը այս հարցը բարձրացնում են համապատասխան մարմիններում, որովհետև սա շատ կարևոր եզրակացության տեղիք պիտի տա` սա կոնկրետ հանցագործություն է»:

Ինչո՞ւ են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում այս աստիճան խառնվել իրար և իսկապես հոգեկան անհավասարակշիռ վիճակում հայտնվել: Հայաստանի որոշ քաղաքագետների, լրագրողների կողմից եղել են Մինգեչաուրի ջրամբարի պատվարը խորտակելու, ինչպես նաև Տավուշի մարզի սահմանագոտում, հուլիսի 12-ից սկսված ռազմական բախման վայրից ոչ հեռու գտնվող, դեպի Եվրոպա գազ տեղափոխող ադրբեջանական գազատարը շարքից հանելու առաջարկներ կամ դրա հնարավորության ակնարկներ, արտահայտվել են մասնավոր կարծիքներ, ինչը, սակայն, Ադրբեջանի ՊՆ-ին պաշտոնական նման հայտարարությամբ հանդես գալու որևէ հիմք չի տալիս: Փաստ է, որ Հայաստանի ԶՈւ մարմինների կողմից իսկապես չի եղել որևէ որևէ պաշտոնական հաղորդագրություն, հայտարարություն նման քաղաքացիական կամ ռազմավարական, կամ ոչ ռազմավարական օբյեկտի հարվածելու մասին: Այնուհանդերձ, դատելով ամենից, Ադրբեջանում կամ Ադրբեջանի ՊՆ-ում տակները լցրել են նույնիսկ մեր քաղաքագետների, լրագրողների հիշյալ հրապարակումներից, և արդեն պաշտոնապես, նույնիսկ ՊՆ-ի մակարդակով հանդես եկել նշված սպառնալիքով:

Քանի որ Ադրբեջանում շատ բան, ինչպես և հուլիսի 12-ի սադրանքը, ոչխարային մակարդակով է կազմակերպվում, իրականացվում, այդ պետության պաշտոնական շրջանակների բազմաթիվ հայտարարություններ նույնպես նույն մակարդակի են, և դրանց շարքում թերևս վերջինը Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյահլիի հիշյալ հայտարարությունն է:

Հիմա անդրադառնանք այն հարցին, թե ադրբեջանական բանակի սպառազինության մեջ եղած ամենաժամանակակից հրթիռային համակարգերն իսկապես թույլ տալի՞ս են բարձր ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, և դա, եթե նրանց հաջողվի, արդյոք կհանգեցնի՞ Հայաստանի համար մեծ աղետի:

Չենք անդրադառնում այն հարցին, թե Ադրբեջանի ունեցած հրթիռային համակարգերը կարելի՞ է ամենաժամանակակից համարել, թե դրանք պարզապես ժամանակակից են: Ընդունենք, թե դրանք թույլ տալիս են բարձր ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, սակայն այլ բան է այդ համակարգերի ունեցած հնարավորությունը, այլ բան են այդ համակարգերը գործադրողի ունեցած մասնագիտական գիտելիքները, կարողությունները, հմտությունները, փորձը: Ադրբեջանում հավանաբար մոռացել են, թե 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում ինչ խայտառակ ճշտությամբ և արդյունավետությամբ են կիրառել «Смерч» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը, որն աշխարհում լավագույնն է թե իր ճշգրտությամբ, թե հեռահարությամբ, թե ավերիչ ուժով: Ոչինչ, թարմացնենք նրանց հիշողությունը…

Մի պահ պատկերացնենք, թե Ադրբեջանի հրթիռները ՀԱԷԿ-ի վրա կարձակեն Թուրքիայից իբրև խորհրդատու եկած սպաները: Բայց այդ դեպքում քանի՞ կիլոմետր կա մինչև ՀԱԷԿ-ին հասնելը, և այդ ճանապարհին Հայաստանի ԶՈւ զենիթահրթիռային համալիրների քանի՞ պաշտպանական շերտ կամ վահան կա, դրան գումարած նաև ռադիոէլեկտրոնային պայքարի արդիական միջոցները: Եթե մեր ԶՈւ-ն օրերս իր ունեցած «Оса» զենիթահրթիռային համակարգով կարողացավ ոչնչացնել Ադրբեջանի գործադրած իսրայելական արտադրության ժամանակակից «Hermes 900» անօդաչու թռչող սարքը, ապա «Оса»-ից շատ ավելի կատարյալ, ճշգրիտ, հեռահար «С-300» զենիթահրթիռային համալիրով Ադրբեջանի հրթիռները կոչնչացնի: Առավել ևս, որ ՀԱԷԿ-ը գտնվում է «С-300» զենիթահրթիռային համալիրով զինված Հայաստանի ԶՈւ ՀՕՊ-ի ստորաբաժանման հատուկ պաշտպանության ներքո:

Ենթադրենք նաև, թե ՀԱԷԿ-ի կողմ ուղղված մի քանի տասնյակ հրթիռներից մեկը կամ մի քանիսը տեղ կհասնեն, դրանք չեզոքացնել չի հաջողվի, ատոմակայանին այդ հրթիռների հարվածը կհանգեցնի՞ Հայաստանի համար մեծ աղետի: Պարզվում է, ոչ, մեր ատոմակայանը Չեռնոբիլի ԱԷԿ-ի տիպի չէ, զինված է նման դեպքերում ռեակտորը միանգամից անջատող ինքնաշխատ համակարգերով, մի խոսքով, այդ առումով լավ պաշտպանված է: Ծայրահեղ դեպքում կդադարեցվի էլեկտրաէներգիայի արտադրությունը, ՀԱԷԿ-ը կանջատվի ընդհանուր էներգետիկ համակարգից, երկրորդ Չեռնոբիլ չի լինի:

Արթուր Հովհաննիսյան