Ադրբեջանը չի կարող ստիպել մեզ միակողմանի զիջումների գնալ ԼՂ կոնֆլիկտի կարգավորման հարցում. Փաշինյան

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը չի կարողանա կոտրել հայ ժողովրդի վճռականությունը և ստիպել չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին Բելառուսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում իր ելույթում:

Փաշինյանը, անդրադառնալով համավարակի հետևանքով տարբեր ոլորտներում առաջացած դժվարություններին, նշեց՝ ավելի քան ակնհայտ է, որ համավարակի դեմ պայքարի և դրա հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի դեմ հաջող պայքարի համար կարևոր նախապայման է խաղաղության պահպանումը և զինված հակամարտությունների դադարեցումը: «Այս առումով չեմ կարող չանդրադառնալ մի թեմայի, որը կենսական նշանակություն ունի մեզ համար և մեր տարածաշրջանում կայունության պահպանման համար: Ինչպես գիտեք, Ադրբեջանը, անտեսելով համավարակի պայմաններում զինված բախումների դադարեցման բազմաթիվ կոչերը, այդ թվում՝ ապրիլի 14-ի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի համատեղ հայտարարությունը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարտի 23-ի հայտարարությունը, սանձազերծեց ռազմական գործողություններ Հայաստանի սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հայաստանի զինված ուժերը չէին կարող չպատասխանել Ադրբեջանի սադրիչ գործողություններին»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրեց, որ ցավոք սադրանքները շարունակվում են առ այսօր` նպաստելով լարվածության պահպանմանը և իրավիճակի անկանխատեսելիությանը: Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում լարվածության սրմանը, ոչ մի տեղ չի տանում:

«Նա չի կարողանա կոտրել մեր ժողովրդի վճռականությունը և ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, և խաղաղ բանակցությունները չունեն այլընտրանք, ինչը համապատասխանում է մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին»,-շեշտեց Փաշինյանը: