Կրակոցներն իրականացվել են Տավուշի ամբողջ երկայնքով, Գեղարքունիքի, ինչպես նաև նախիջևանյան հատվածում․ Արծրուն Հովհաննիսյան

Անցած գիշեր ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել է մոտ 120 կրակոց։ Այդ մասին Իջևանում գտնվող ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասել է կենտրոնի պատասխանաոտւ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր՝ այդ թվում մեծ տրամաչափի, չեն կիրառվել հրետանային կամ ավելի մեծ տրամաչափի միջոցներ։ Կրակոցներն իրականացվել են ոչ միայն Տավուշի այն հատվածում, որտեղ վերջին օրերին տեղի էին ունենում գործողությունները, այլև Տավուշի ամբողջ երկայնքով, այդ թվում՝ Նոյեմբերյանի ուղղությամբ։ Կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի, ինչպես նաև նախիջևանյան հատվածում։ Վիրավորների մասով իրավիճակը չի փոխվել։ Մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայունություն կա։ Արցախում ևս կրակել են հրաձգային զենքերից, կիրառվել են նաև մեծ տրամաչափի գնդացիրներ։ Բայց եթե ընդհանրացված ասենք, լարվածություն չկա»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը։