Թշնամական տեղեկատվական դիվերսիա․ հարված կռվող բանակի թիկունքին

Համազգային համախմբման մասին այս օրերին հաճախ է խոսվում։ Այո՛, այն օդի ու ջրի պես անհրաժեշտ է մեզ։ Մասնավորապես՝ թշնամուն զսպելու, նրան խաղաղություն պարտադրելու հարցում իշխանությունը որևէ կերպ կաշկանդված չպետք է լինի։ Ահա՛ այն առանցքը, որի շուրջ կարող է կայանալ համազգային համախմբումը։

Սակայն իշխանությունն ինքը պետք է հասուն գտնվի և վերջ տա իր թիմից հնչող պառակտչական հռետորաբանությունը։ Ավելին՝ պետական պատկան մարմինները պետք է կտրուկ արձագանքեն լրահոսում, համացանցում հայտնված ցանկացած ապատեղեկատվության, կեղծիքի, իսկ վերջիններս տարածողները պատժվեն խստագույնս։

Եվ ահա հենց այդ համատեքստում՝ «Իրավական ուղի» ՀԿ-ն, ապա նաև՝ երկրորդ նախագահի գրասենյակը դիմել են ՀՀ ԱԱԾ՝ պահանջելով հայտնաբերել համացանցում հայտնված այն սադրիչ տեսահոլովակի սկզբնաղբյուրը, որում ասվում է, թե Հայաստանից գումար են տվել Ալիևին՝ Հայաստանի վրա հարձակվելու համար։

Դեռ մի կողմ թողնենք այն, որ այս անհեթեթությանը հավատալու համար պետք է ունենալ, եթե, մեղմ արտահայտվենք, խիստ սահմանափակ մտավոր ունակություններ։ Խնդիրն այն է, որ գործ ունենք բացահայտ թշնամական գործողության հետ, որին մեր պատկան մարմինները պետք է հակազդեն կտրուկ։ Հատկապես ընդգծենք՝ գործ ունենք ոչ թե սովորական զրպարտության, այլ տեղեկատվական դիվերսիայի հետ՝ հանրությունը պառակտելու, պետականության կայացման, Արցախյան ազատամարտում հաղթանակի գործում անուրանալի վաստակի տեր պետական գործիչներին միտումնավոր վարկաբեկելու փորձի հետ։ Սա հարված է կռվող բանակի թիկունքին։ Ընդ որում, ինչը պետք է պատկան մարմինների հատուկ ուշադրության առարկան հանդիսանա, իր ոճով ու ձևով այս թշնամական տեղեկատվական դիվերսիան շատ նման է 2016-ի ապրիլյան մարտական գործողություններից հետո տարածվող կեղծիքներին։

Այս թշնամական տեղեկատվական դիվերսիայի հեղինակները պետք է բացահայտվեն, իսկ այն միտումնավոր տարածողները խստագույն պատասխանատվության ենթարկվեն։

Դավիթ Ջամալյան

Ռազմական փորձագետ