Թուրքիա՞ն, թե ԱՄՆ-ն է մղել Ադրբեջանին միջսահմանային սադրանքների

Այժմ անսպասելի հեռակա «վեճ» է տեղի ունենում, որի պատճառով մենք անհրաժեշտ ենք համարում վերադառնալ հայ-ադրբեջանական սահմանին զինված միջադեպերի թեմային: Ինչպես հայտնի է, առաջին իսկ ժամերից Թուրքիան հայտնել է «Ապշերոնյան խանությանը» միակողմանի աջակցության մասին դիրքորոշումը: Առանձնանում են երկու նախարարների՝ արտաքին գործերի և պաշտպանության, հնչեղ, սակայն սկանդալային հայտարարությունները: Առաջինը՝ Մևլութ Չավուշօղլուն հուլիսի 13-ին թուրքական TRT հեռուստաալիքի եթերում սկսել է Երևանին բացահայտ սպառնալ պատերազմով. «Այն, ինչ անում է Հայաստանը, անընդունելի է: Թող Հայաստանը խելքի գա: Մենք աջակցելու ենք Ադրբեջանին՝ պահպանելու իր տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանը միայնակ չէ»: Դարձյալ արցախյան հակամարտության շուրջ բարձրաձայնելով թուրք-ադրբեջանական անհիմն թեզերը, թուրքական դիվանագիտության ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանը, իբր, առայսօր չի համաձայնել հակամարտության խաղաղ կարգավորման որևէ ծրագրի հետ: Ըստ նրա՝ Թուրքիան պատրաստ է տրամադրել ցանկացած իրագործելի օգնություն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանության գործում:

Երկրորդը՝ Հուլուսի Աքարը, հուլիսի 14-ին, ինչպես հաղորդել է թուրքական «Anadolu» գործակալությունը, հայտարարել է լիակատար աջակցություն Ադրբեջանին՝ «հայկական կողմի սադրանքներին հակազդելու համար»: Միևնույն ժամանակ հիշել է Սուլեյման Դեմիրելի և Հեյդար Ալիևի վաղուց անցյալ դարձած ձևակերպումը. «Մենք լինելու ենք Ադրբեջանի զինված ուժերի կողքին՝ մեր եղբայրներին աջակցելու համար՝ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի համաձայն»: Դե, հետո նաև նախագահ Էրդողանը սպառնալի հայտարարություններ հնչեցրեց…

Մեզ կարող են հարցնել, թե ինչ է հեռակա «վեճը» և ո՞ր կողմերի միջև է ընթանում այս «վեճը»: Հիմնականում հայ փորձագետների և նրանց ռուս գործընկերների միջև: Եվ «վեճը» հեռակա է, քանի որ, որքան մեզ հայտնի է, առայժմ հայ և ռուս փորձագետների միջև չի եղել հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի վերջին սրացումների վերաբերյալ ոչ մի հեռուսատա կամ տեսակամուրջ: Այսպիսով, Երևանից մի շարք փորձագետների դիրքորոշումը, քննարկելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մի մասը` կապված հայկական բանակի դեմ դիվերսիա իրականացնելու Ադրբեջանի փորձի հետ, որի վերաբերյալ ռուս նախարարը ակնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակից պետություններից որևէ մեկի կողմից հնչած անընդունելի հայտարարությունների վրա, որոշվել է համարել, որ իբր Լավրովը արձագանքել է հենց Թուրքիայի սպառնալից հայտարարություններին: Իսկապես, թուրքերը պաշտոնապես մտնում են և՜ Մինսկի խմբի, և՜ ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովի կազմի մեջ: Սակայն գործնականում, Թուրքիան վաղուց դուրս է մնացել (ավելի ճիշտ՝ իրեն դուրս են մղել…) որևէ ակտիվ մասնակցությունից, նույնիսկ նույն Մինսկի խմբի համանախագահ երկրների խաղաղության առաջարկների վերաբերյալ մանրամասների քննարկումների ընթացքից: Այսինքն` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի առաջարկությունները (և նախաձեռնությունները):

Եվս մեկ անգամ հիշենք Լավրովի հայտարարությունների այս հատվածը. «Ռուսական կողմը նշել է այն բանի կարևորությունը, որ Մինսկի խմբի բոլոր անդամները պատասխանատու մոտեցում ցուցաբերեն ստեղծված իրավիճակի գնահատման հարցում և խուսափեն հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են լարվածության լրացուցիչ աճ հարուցել»: Եվ ահա, ըստ երևանյան մի շարք փորձագետների դիրքորոշման, ռուս նախարարի այս խոսքերը պետք է համարել որպես ուղերձ Թուրքիային, քանի որ ԵԱՀԿ ՄԽ-ից միայն այդ երկիրն է հանդես եկել Հայաստանի դեմ հնչեցված սպառնալիքներով։ Եվ, իբր, հենց այս պատճառով, այսինքն՝ Լավրովի ակնարկի պատճառով է ՀԱՊԿ Մշտական ​​խորհրդի արտակարգ նիստը ձեռնպահ մնացել կոշտ հայտարարություն անելուց:

Այնուամենայնիվ, մենք համարում ենք, որ միայն առաջին հայացքից է ամեն ինչ պարզ և հասկանալի: Հուլիսի 14-ին «Ցարգրադ» գործակալությանը տված հարցազրույցում շատ հայտնի ռուս փորձագետ, պահեստազորի գնդապետ և «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի ռազմական դիտորդ Վիկտոր Բարանեցը վստահ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ներկայիս սրացումը կարող է ԱՄՆ-ի ձեռքի գործը լինել, որոնք կանգնած են Բաքվի հետևում: «Չի բացառվում, որ Միացյալ Նահանգները փորձում է Ռուսաստանը ներքաշել մեկ այլ հակամարտության մեջ: Դա կլինի չորրորդ տարածաշրջանային սահմանափակ հակամարտությունը, որում այս կամ այն ​​կերպ ներքաշված է Մոսկվան, եթե հաշվի առնենք Սիրիան, Լիբիան և Դոնբասը: Դա Միացյալ Նահանգների մարտավարությունն է, – կարծում է Բարանեցը: – Ռուսաստանին ստիպել միանգամից մի քանի ուղղություններով ներքաշվել և դրանով իսկ վատթարացնել նրա տնտեսական իրավիճակը, քանի որ, կներեք, բայց արկերը նույնպես փող արժեն: Այսպիսով, դա կարող է լինել նույնիսկ Ռուսաստանի դեմ Արևմուտքի նոր ռազմավարության և մարտավարության քողարկված ձև: Իրար դեմ հրահրել ևս երկու երկիր, իսկ Ռուսաստանը, իհարկե, թփերի մեջ չի մնալու: Շատ հավանական է, որ հենց այս սխեմայով է այժմ  գործում Միացյալ Նահանգները»:

Սկզբունքորեն, երկու տեսակետներն էլ, որքան էլ դա տարօրինակ չի թվում ​​ՀՀ քաղաքացիների համար, իրարամերժ չեն: Նախ, ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ի վերջո, մոտենում են Դոնալդ Թրամփի ընտրությունները: Ինչ չես անի հանուն «առաջընթացի», երբ ամենուրեք Վաշինգտոնի քաղաքականության ձախողումներ են՝ սկսած Հեռավոր Արևելքից և վերջացրած Եվրոպայով: Ի՞նչ չես անի միանգամից Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը կամ այս բոլոր երկրները հատ առ հատ թուլացնելու համար: Հայերն ու ադրբեջանցիները՝ ընդամենը զոհաբերման միս, մատաղ… Երկրորդ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես փակուղում է. տարածաշրջանային պարտություններ Իրաքում, Սիրիայում և այժմ նաև՝ Լիբիայում: Իսկ Անկարայում բարձրաձայն ասում են, որ, ամենայն հավանականությամբ, 2023 թվականին Էրդողանը կգնա վերընտրվելու: Ահա և առիթ, որ ԱՄՆ-ի կամ Թուրքիայի ջանքերն ընկալվեն նույն կերպ` որպես սպառնալիք: Մեր դեպքում ոչ միայն Ռուսաստանը ապակայունացնելու, այլև Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության սպառնալիք:

Սերգեյ Շաքարյանց