Հանգչեք խաղաղությամբ, մեր լուսավոր հերոսներ․․․

Երբ մարդն իր կյանքի տարբեր փուլերում լուսանկարվում է, նա երբեք չգիտի, թե այդ լուսանկարներից ո՞րն է դառնալու իր մահվան մասին տեղեկության ուղեկցող լուսանկարը․․․

Մարդը պարզապես լուսանկարվում է այս կամ այն լավ առիթով, և դա է պատճառը, որ հիմնականում իրենց բոլոր լուսանկարներում մարդիկ ժպտում են․․․

Այսօր մեր ժողովուրդը հրաժեշտ է տալիս տավուշյան ագրեսիայի լուսե զոհերին, բոլորիս մտքում նույնն է՝ թող նրանց հոգիները լույսերի մեջ լինեն, նրանք ընկան հանուն հայրենիքի և հանուն արժանապատիվ խաղաղության։

Տեր Աստված, թող նրանց հոգիները խաղաղության մեջ լինեն․․

Եվ ահա, նայում եմ տղերքի լուսանկարներին, այն լուսանկարներին, որ այս օրերին տարածվում են․․.

Նայեք յուրաքանչյուրի հայացքին, նայեք խորությամբ և կհամոզվեք, այս տղաները հենց այդ նկարներում հաստատ զգացել են, գուցե և կանխատեսել, որ իրենք հերոսանալու են և լույսերի մեջ են լինելու։ Ոչինչ չի լինում պատահաբար, և այն, որ հենց այս լուսանկարներն են տարածվում, նույնպես պատահական չէ․․․․

Այդքան պարզ, մաքուր, թափանցիկ և ազնիվ հայացք սովորական մահկանացուները չեն ունենում․․։

Յուրաքանչյուր հերոսի հայացքում կա հերոսության գիտակցումը, հանուն հողի, երկրի, հայրենիքի, ընտանիքի , հանուն եկեղեցու կռվելու և հաղթելու վճռականությունը․․Տղերք ջան, ձեր հոգիները լույսերի մեջ կլինեն և կլինեն խաղաղ․․։

Ոչ մի հայ, մեզնից յուրաքանչյուրը երբեք թույլ տա, որ ձեր թափած արյունն իզուր լինի․․․․

Նույն զգացողություններն ունեի նաև ապրիլյանի օրերին, դրանից հետո, երբ այցելում էի հերոսների հարազատներին, մասնակցում էի տղերքի հուղարկավորություններին։ Նույնն էր նաև 92-94-ի պատերազմի օրերին․․։

Ետ նայեք, ու կհամոզվեք, հայրենիքի, հողի, արժանապատիվ խաղաղության համար ընկածների հայացներում կա այն լույսը, որը պահում է մեր ժողովրդին և մեր հող-հայրենին․․․Չկասկածեք․․․։

Հանգչեք խաղաղությամբ, մեր լուսավոր հերոսներ․․․

Փառք մեր բանակին, փառք մեր զինվորներին, փառք մեր հրամանատարներին․․․․Փառք հայ ժողովրդին․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Երբ մարդն իր կյանքի տարբեր փուլերում լուսանկարվում է, նա երբեք չգիտի, թե այդ լուսանկարներից ո՞րն է դառնալու իր մահվան…

Опубликовано Մարգարիտ Եսայան Четверг, 16 июля 2020 г.