Ռուսաստանը կներդնի իր բոլոր ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացած լարվածությունը կարգավորելու համար. ՌԴ փոխարտգործնախարար

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը կներդնի իր բոլոր ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացած լարվածությունը կարգավորելու համար:

«Կարող եմ միայն հավաստիացնել, որ կանենք ամեն հնարավորը և կդրսևորենք ռուսական դիվանագիտության, ազգային դիվանագիտության լավագույն որակները, որպեսզի ոչ միայն (կարգավորենք) ներկայիս սահմանային լարվածությունը, այլև այնպես անենք, որ մեզ համար եղբայրական և մերձավոր երկրների` Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները բարելավվեն: Ռուսաստանն ունի նման հնարավորություններ, մեկ անգամ չէ, որ օգտվել ենք դրանցից, այդ թվում` 2017 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ բռնկված ռազմական գործողությունների ժամանակ: Ես համոզված եմ, որ մեր բոլոր հնարավորությունները կներդրվեն»,-ասել է փոխարտգործնախարարը:

Փոխնախարարը նշել է, որ «այժմ միջազգային հանրության առաջնահերթ խնդիրը վերջին օրերին տեղի ունեցողի հնարավորինս արագ դադարեցումն է»:

«Այս առումով շատ կարևոր է Մինսկի խմբի անդամ հանդիսացող պետությունների հավասարակշռված դիրքորոշումը, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով զբաղվող Մինսկի խմբում ավելի շատ պետություններ կան, քան միայն 3 համանախագահները: Այդ երկրները, որոնք սահմանակցում են տարածաշրջանին, պետք է առավելագույն հավասարակշռություն, պատասխանատվություն և զսպվածություն դրսևորեն, այդ թվում` հանրային հռետորաբանության մեջ»,-ասել է Ռուդենկոն:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։

Երեկ՝ հուլիսի 15-ին, սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։

Ըստ երեկվա տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 11 զոհ ունի, հայկական կողմը՝ 4:

Լույս հուլիսի 16-ին՝ 03:40-ի սահմանում, Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ դիվերսիայի փորձը կասեցվել է, և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել: 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Գիշերվա մարտերի ընթացքում հայկական բանակը կորուստներ չի ունեցել։