Առավոտյան Տավուշի բնակավայրերում վնասվել են տասից ավելի առանձնատներ և որոշ ենթակառուցվածքներ, վաղվանից կզբաղվենք վերականգման աշխատանքներով. մարզպետ

Վաղ առավոտյան վերսկսվել են Տավուշի սահմանապահ գյուղերի ռմբակոծությունները: Հիմնականում թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը: Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Այս պահի դրությամբ հարաբերական անդորր է: Առավոտյան մեր բնակավայրերում վնասվել են տասից ավելի առանձնատներ և որոշ ենթակառուցվածքներ: Առանձնահատուկ ուզում եմ նշել սահմանապահ Այգեպարի մանկապարտեզի ռմբահարումը, վնասվել է ջրագիծ Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր հատվածում, որի վերականգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Վաղ առավոտյան մոբիլիզացվել են մարզի քաղպաշտպանության բոլոր խմբերը, և ինտենսիվ աշխատանքներ են ընթանում քաղաքացիական բնակիչների անվտանգությունը ապահովելու համար: Հայտարարել ենք ներքին մոբիլիզացիա պատսպարման առումով, և մեր քաղաքացիները գտնվել են հիմնականում ապաստարաններում և նկուղներում: Բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ և զոհեր չունենք»,- նշեց Հայկ Չոբանյանը:

Մարզպետը տեղեկացրեց՝ առավոտվանից քննարկումներ են եղել Կառավարության հետ, և ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի շինությունների գնահատման և գույքագրման հանձնաժողով, որը ամենօրյա գնահատական պետք է տա վնասների չափի և ծավալի վերաբերյալ.

«Վաղվանից կզբաղվենք վերականգման աշխատանքներով, այն բնակարանները, որոնց վերականգնումը նպատակահարմար չի լինի, կկառուցվեն նորերը: Այն բնակիչները, ում բնակարանները վնասվել են, թող անհոգ լինեն, մենք սեղմ ժամկետում լուծելու ենք իրենց բնակարանների վերականգման հարցը: Կարևոր է, որ բնակիչները պահեն զգոնությունը, քաղպաշտպանության բոլոր կառույցները զգոն աշխատեն, որովհետև ցանկացած պահի իրավիճակը կարող է փոխվել, ընդ որում՝ ցանկացած բնակավայրում: Այսօր առանձնահատուկ խնդրել ենք, որ մարդիկ պատսպարված մնան, իրավիճակը կայուն է, վերահսկողության ներքո է, և բանակի պրոֆեսիոնալ վարքագծի շնորհիվ ավելի հանգիստ ենք զգում մեզ մեր գյուղերում և քաղաքներում»,- ավելացրեց նա: