Դա ի՞նչ հարց է: Եվ ինչպե՞ս կարելի է ինչ-որ բանի մասին հարցնել այսպիսի ժամանակ. Մամեդյարովին զայրացրել է լրագրողի հարցը Ալիևի քննադատության մասին

Ադրբեջանական ԶԼՄ-ները կապվել են երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ և փորձել իմանալ նրա կարծիքը երկրի նախագահ Իլհամ Ալիևի` իր և իր ղեկավարած գերատեսչության աշխատանքի վերաբերյալ դժգոհությունների մասին: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Արտգործնախարարը ոչ մի հստակ պատասխան չի տվել լրագրողներին:

«Աստծո սիրուն, վերջացրեք: Դուք ուրիշ հարցեր չունե՞ք: Դա ի՞նչ հարց է: Եվ ինչպե՞ս կարելի է ինչ-որ բանի մասին հարցնել այսպիսի ժամանակ: Վաղը զանգահարեք Լեյլա Աբդուլաևային (Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն է), թող նա պատասխանի այդ հարցին»,-ասել է Մամեդյարովը:

«Ինտերֆաքսի» տեղեկացմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ դժգոհություն էր հայտնել երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքից: Նա ընդգծել է, որ նախարարը պետք է Հայաստանի հետ պայմանավորվեր Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, բայց, ցավոք, մինչ այժմ նպատակին չի հասել, քանի որ Հայաստանը դեռ չի կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը:

Ալիևը նշել է, որ արտաքին գործերի նախարարը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին, երբ սկսվել են իրադարձությունները Ադրբեջանի և Հայաստանի սահմանին:

«Ի՞նչ էր անում արտգործնախարարը: Որտե՞ղ էր նա: Մենք գտնվում էինք աշխատավայրում հուլիսի 12-ի դեպքերից հետո: Վարչապետը՝ աշխատավայրում, ես մինչև առավոտ աշխատանքի էի: Պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը, ինչպես նաև Պետական անվտանգության ծառայության պետը, Ներքին գործերի նախարարը, Արտաքին հետախուզության ծառայության պետը և Անվտանգության խորհրդի քարտուղարն աշխատում էին մինչև առավոտ: Արտաքին գործերի նախարարին չկարողացա գտնել», – նշել է նա: