Սիրելի տավուշցիներ, խնդրում եմ ցուցաբերել ծայրահեղ զգուշություն, պատսպարվել թաքստոցներում. Տավուշի մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, դիմելով մարզի բնակչությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի տավուշցիներ, խնդրում եմ ցուցաբերել ծայրահեղ զգուշություն, պատսպարվել թաքստոցներում և ապաստարաններում։

Կանխվել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը, կորուստներ կրելով` ադրբեջանական կողմը հետ է շպրտվել»։

Հիշեցնենք, որ գիշերը` ժամը 03:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Այս մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Անցնելով շրջանաձև պաշտպանության` հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։

Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեզոքացնում են ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։

Սա երեկ ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է: