Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք առաքելությամբ այցելել է Տավուշի մարզ

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք առաքելությամբ այցելել է Տավուշի մարզ: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցներին անգլերենով երկու միջանկյալ զեկույց է ուղարկել` կապված Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-14-ը ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների և գնդակոծությունների հետ։

Զեկույցներում հատուկ շեշտադրումներ են արված քաղաքացիական բնակավայրերի, նրանց բնակիչների առողջության, կյանքի ու սեփականության պաշտպանության մասով։ Դրանք առանձին ընթացակարգով ուղարկվում են նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: Այդպիսի հնարավորություն ունեն միայն ,Aե միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները:

Զեկույցներում արտացոլվել են նաև այն տվյալները, որ ադրբեջանական կողմը սեփական հրետանային մարտկոցները տեղադրել է խաղաղ բնակչության մոտ, բնակավայրերում, որպեսզի հայկական կողմի պատասխան կրակը ուղղվի սեփական բնակչության վրա։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել իրավապաշտպան գործունեությունը՝ անմիջական կապ պահպանելով Տավուշի մարզի Մովսես, Չինարի, Այգեպար, Բերդ և մի շարք այլ համայանքների, ինչպես նաև Տավուշի մարզպետարանի ու ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ պաշտոնական հաղորդակցությամբ: