«Գլխավորը հիմա ոչ թե մեղավորներ փնտրելն է, այլ ցանկացած մարտական գործողություն դադարեցնելը». Մատվիենկոն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել բանակցություններ սկսել

ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը Երևանին ու Բաքվին կոչ է անում տարաձայնությունները լուծել բանակցությունների ճանապարհով, և որ դիվանագիտական և խորհրդարանական ալիքներով ջանքեր են ներդրվում դրա համար: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ինձ՝ որպես ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահի, դիմել են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները»,-ասել է Մատվիենկոն:

Նրա խոսքով` Ռուսաստանում անհանգստացած են առկա իրավիճակով, քանի որ «և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Ռուսաստանի համար բարեկամ և գործընկեր երկրներ են»:

«Գլխավորը հիմա ոչ թե մեղավորներ փնտրելն է, այլ ցանկացած մարտական գործողություն դադարեցնելը»,-համոզված է Դաշնային խորհրդի խոսնակը:

Նա նշել է նաև, որ դիվանագիտական ճակատում քայլեր են ձեռնարկվում սրացումը թուլացնելու համար, Ռուսաստանը ջանքեր է ներդնում նաև որպես Մինսկի խմբի անդամ:

Բացի դրանից, ջանքեր են ներդրվում նաև խորհրդարանական ճակատում:

«Մենք շատ անհանգստացած ենք այս իրավիճակով, ամեն ինչ կանենք, որպեսզի կանգնեցնենք լարվածության սրումը, մարտական գործողությունները»,-ընդգծել է Մատվիենկոն:

Նրա խոսքով` Ռուսաստանի դիրքորոշումը պետք է լինի բանակցային գործընթացը, որի ընթացքում հարկավոր է հասնել փոխըմբռնելի որոշումների:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։

Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ունի 11 զոհ, հայկական կողմը՝ 4: