Հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանին կիրառել է իր սպառազինությունում եղած գրեթե ողջ զինանոցը. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանին օգտագործել են տեղում առկա իրենց գրեթե բոլոր զինատեսակները: Այս մասին հուլիսի 15-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցին ասաց Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանական զինված ուժերը, այդ թվում և սահմանապահ ծառայությունը, և՚ երրորդ բանակային կորպուսը, իրենց սպառազինությունում եղած գրեթե ողջ զինանոցը կիրառել են, բացառությամբ մի քանի միջոցների: Օգտագործվել են բոլոր տրամաչափի հրաձգային զենքերը, տանկեր, հրետանային միջոցներ, ընդուպ 122 մմ և չի բացառվում, որ ավելի մեծ տրամաչափերի, հրետանային միջոցների մեծ մասը, բացառությամբ մի քանի միջոցների, ականանետեր, հարվածային ԱԹՍ-ներ»,- ասաց Հովհաննիսյանը: