Հայ-ադրբեջանական սահմանին վիրավորված ՀՀ ԶՈՒ 10 զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ խոսնակ

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում վիրավորում ստացած ՀՀ Զինված ուժերի զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։ Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։ Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։ Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք»,- գրել է Ստեփանյանը:

Խոսնակն առողջություն և շուտափույթ ապաքինում է մաղթել տղաներին և նշել, որ  զինվորական բժիշկները, իրոք, պատվով են կրում իրենց վեհ կոչումը։