Հակառակորդի կրակից զոհված զինծառայողներից մեկը մայոր Գարուշ Համբարձումյանն է

Ադրբեջանական կողմի կրակից այսօր Տավուշում զոհված երկու զինծառայողներից մեկը Գարուշ Համբարձումյանն է։

Նա հաշվառված էր Բազում համայնքում, սակայն կնոջ և երեխայի հետ բնակվում էր Բերդում:

Դեռևս 2016 թվականին ՀՀ պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում նա ներկայացված էր որպես ՀՀ զինված ուժերի լավագույն սպաներից ու հրամանատարներից մեկը։

Կապիտան Գարուշ Համբարձումյանը ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Ստացել է սակրավորի մասնագիտություն և լեյտենանտի զինվորական կոչում ու նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային դասակի հրամանատար:

Իսկ 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար:

«Գարուշ Համբարձումյանը անձնակազմի նկատմամբ խստապահանջ է, օժտված կազմակերպչական ունակութուններով: Սիրելով իր մասնագիտությունը, նա ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ ձեռք է բերել բավարար գիտելիքների պաշար հավուր պատշաճի իրականացնելու իր ծառայողական պարտականությունները:

Բազմիցս խրախուսվել է հրամանատարության կողմից»,-ասված է նախարարության՝ 2016 թվականի հրապարակման մեջ: