Բոլթոն, դո՞ւ ես

Տավուշում այս օրերին տեղի ունեցածը, դրանից առաջ տեղեկատվությունը` «կ նամ պրիշոլ ռևիզորը», այն է` Պետդեպը կոռուպցիայի գծով ՀՀ կառավարության խորհրդական է ուղարկում, նոր իրավիճակի նշանային ազդակներն էին, որոնք սնվել էին Մերձավոր Արևելքում հոգևոր դաշտի`Սբ Սոֆիայի տաճարի մզկիթի վերասերմամբ, Ռուսաստանում Պուտինի` «զրոյական» կետից սկսելու մեծ ռանդևուով:

Տավուշում տեղի ունեցավ ժամանակակից եզրույթով ասած` «հեռավար» երկխոսություն ԱՄՆ-Ռուսաստան տանդեմի միջև: Հեռակապի մոդերատորը, իհարկե, Թուրքիան է, այնուհանդերձ` Օվերտոնի պատուհանը բացվեց. սպասել այս փուլում լայանածավալ գործողությունների, դեռ վաղ է: Կողմերը բավարարվեցին միմյանց օդային «համբույրներ» հղելով:

Անշուշտ հետաքրքիր էր նաև ՀԱՊԿ արտահեթ նիստի հետ-առաջ կոնֆիգուրացիան: Օվերտոնի այդ պատուհանից գլուխը դուրս հանած, Խաչատուրովին փոխարինած պարոն Զասը նույնքան նրբագեղ, օվերտոնաբար զգուշացրեց բոլորին. մենք, իհարկե, կարող ենք նիստ անել, որոշում կայացնել` անդամ երկրին պաշտպանել. Ադրբեջան, մենք քեզ չենք ասում արի մտի ՀԱՊԿ, բայց իմացիր` «փուլայինը» անցնում է ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի, այլև` ՀԱՊԿ դռներով: Ու պահեց Զասը պաուզան` մինչև նոր զարգացումներ:

Անշուշտ առանձին ու խոր քննարկման թեմա է Տավուշի ռմբակոծման օրը «անհետացած», ապա` նոու-հաուներով հայտնված օրվա իշխող Փաշինյանի հերթական ֆուտուրիստական վերադարձը, մանավանդ, երբ հաշվի ենք առնում, որ նա նաև օպերատիվ կապին է տիրապետում, և ամեն րոպե կարող էր զանգել իր կիրթ ու կառուցողական թշնամուն, «ճշտվել» նրա հետ, այնուհանդերձ, հայոց պատմության մեջ տեղի ունեցավ անկարելին` երկրի գրեթե /պատերազմից հինգ պակաս էինք/ «գերագույն գլխավոր հրամանատարը» կառավարության նիստում ադրբեջանահաճո Օվերտոն բացեց` Թուրքիայի և աշխարհի համար շշնջալով, որ ազիկների ՈՒԱԶ-ը շփոթվել էր, հետո ազիկները կրակել էին, որովհետև ուզել էին այդ «շփոթված» ՈՒԱԶ-ը հետ տանել:

Ինչո՞ւ. որովհետև օրվա «դասալիքը», որը համատեղելիությամբ չի ծառայել նաև հայոց բանակում, «հեռավար» ձևով ու ահավոր չի ցանկանում, որ խնդրին մասնակցություն ունենա ՀԱՊԿ կառույցը: Այն ՀԱՊԿ-ը, որը մեծ նվիրումով ինքը փորձում էր քանդել` նրա ղեկավարին` Խաչատուրովին քրեական հետապնդման ենթարկելով: Բայց քանի որ Նիկոլն ու իր արևմտյան-սորոսական տերերը մտածում են, իսկ Աստված` տնօրինում, ճակատագրի հեգնանքով Տավուշում զորահանդեսը «գլխավորում էր» Խաչատուրովի որդի Գրիգորին:

Օրվա վայ-իշխողը լիքը պարտականություններ ունի ստանձնած` թավշյա հեղափոխության հայրերի առաջ: Քաղաքականապես, ֆիզիկապես, ռեյտինգապես, հոգեպես ու բարոյապես մաշված «գերագույն հրամանատարի» համար նախընտրելի է շշմեցնել, ցնցել իր կաբինետին` իր մտքերի վրա լայն բացված աչքերով նայող Պնախարար Դավիթ Տոնոյանին, բոլորին` ողջ հայ ժողովրդին, քան իր տերերին ևս մեկ անգամ ապացուցել, որ ինքն այլևս «նիգոդնի» է և բացարձակ չի տիրապետում իրավիճակին:

Հասանք Բելթոնին: Շատերի մոտ հարց առաջացավ, թե ինչու է մեկ էլ ու թավշյա հեղափոխությունը հեռավար ու փայլուն իրականացրած ԱՄՆ-ը, որն ունի այնպիսի մի շենշող դեսպանատուն ՀՀ-ում, որի աշխատակիցները բոլորը բարձր ռանգի… դիվանագետներ են. մեկ էլ որոշեց խորհրդական ուղարկել Կառավարություն և այն էլ կոռուպցիայի գծով:

Շատ պարզ. Փաշինյանն այլևս անհույս է այնքան, որ անմիջական հսկողության անհրաժեշտություն կա, այն էլ այս բարդ փուլում, երբ խաղը մտել է որոշիչ ստադիա:

Չծանրանանք, թե ինչու «դարի» կոռուպցիոն սկանդալի մեջ թաթախված ԱՄՆ-ն ու Պետդեպը նման որոշում կայացրին: Այն Պեդտեպը, որի նախագահի թեկնածուներից մեկը` Բայդենը թաթախված է Պորոշենկոյի հետ «կոռուպցիոն» սկանդալում և հեռախոսազրույցում` վասն յուր որդի Հանտեր, երբ նույնական վիճակի մեջ է մյուս թեկնածուն, գործող նախագահ Թրամփը` արդեն Ուկրաինայի գործող նախագահ Զելենսկու հետ կոռուպցիոն «հեռախոսազրույցով»: Եվ` «բժիշկ անձդ բուժիր»-ի փոխարեն, սրանք կոռուպցիոն /բա~րձր է հնչում/ խորհրդական, այն է` 5-րդ շարասյուն ու «նյու-նայող» են ուղարկում հայոց Կառավարություն:

ա/. Ու էդ թարս պահին ադրբեջանական ՈՒԱԶ-ը կորում է Հայաստանում. ՀԱՊԿ-ը վերևից` «նայում», հարցնում է` «կտո էտոտ պատերպեվշիյ, ատկուդո պրիշոլ». ասել է`զգուշացնում է, ես այստեղ եմ`«Hi»:

բ/.Պետդեպի «խորհրդականը» գալիս է Հայաստան այն փուլում, երբ «դարի գործարքն» է ընթանում. Իսրայելը «զավթում է» Պաղեստինի հողերը, և մեր հարևան Իրանը դառնում թիվ մեկ խաղացող այդ պարտիայում: Իսկ Հայաստանը ամրոց է ոչ միայն «մետաքսի ճանապարհին», այլև` Իրան-Մերձավոր Արևելք քաղաքակրթությունների:

գ/.Եվ կարծես Բոլթոն-Քիսինջեր-Բժեժինսկի պարտիային դեմ հանդիման` հեռահար ձևով դրվում են Սևր-Վուդրո Վիլսոն /իսկ ինչու` ոչ/ պարտիայի հնարավոր սահմաններ ամբիցիոզ քարտեզները:

դ/.Եվ վերջապես, նյու-Բոլթոնը գալիս է ոչ միայն կարծրատիպերը քանդելու, Արցախի «փուլային» տարբերակը` պաղեստինյանին զուգահեռ «սղղացնելու», այլև որ` Լարիիսա Իվանովնայի, կներեք, Մինասյանի գրասենյակը «մեռել» է. այն այլևս որևէ օգտակարություն չունի ԱՄՆ-ի համար, չի վերահսկում Հայաստանում ոչինչ, ավելին` ինքն օգնության կարիք ունի:

ե/.Միով բանիվ` ԱՄՆ-ը հասկացել է` մարգարեականացել են ՀՀ-ում իրենց դեսպան Միլսի խոսքերը` «ժամանակը ցույց կտա` Փաշինյանը Մանդելա՞ կդառնա, թե՞ Մուգաբի»….

Փաշինյանն այլևս «փուլ» Մուգաբի է:

Կարմեն Դավթյան