Իրանը պատրաստ է խոցել իսրայելական ռազմական ավիացիայի միջոցները Սիրիայում

Թեհրանի դատախազության կողմից Դոնալդ Թրամփի կալանավորման որոշումը, չնայած «Ինտերպոլի» կողմից ի կատար ածելը «չի ընդունվել», արդեն իսկ գրգռել է ողջ աշխարհը: ՄԱԿ-ում արդեն վեճեր են ընթանում գեներալ-լեյտենանտ Քասեմ Սոլեյմանիի սպանության շուրջ: ՄԱԿ մարդու իրավունքների հատուկ զեկուցող Ագնես Քալամարը շեշտել է, որ Միացյալ Նահանգները բավարար ապացույցներ չի ներկայացրել իրենց վերահաս հարձակման վերաբերյալ և չի արդարացրել Բաղդադի օդանավակայանում գեներալ-լեյտենանտ Սոլեյմանիի և նրա ընկերների ռմբակոծությունը: Հուլիսի 7-ին Իրանի ԻՀՊԿ «Քոդս» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատարի դեմ ահաբեկչական հարձակման նախաձեռնողներից մեկը՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, արձագանքել է գեներալ-լեյտենանտ Սոլեյմանիի սպանության շուրջ ՄԱԿ-ի դիրքորոշմանը և նշել. «Սուլեյմանիի վրա հարձակումը որպես անօրինական որակող ՄԱԿ-ի նոր քննադատությունը անհիմն է։ Ահա թե ինչու ենք մենք լքել @UNHumanRights-ը: Մենք չենք կողմնորոշվում ՄԱԿ-ի բարձրագույն իշխանությունների խորհուրդներով, թե ինչպես կիրառել ԱՄՆ սահմանադրությունը»: Բայց հուլիսի 9-ին Ռուսաստանը բացահայտորեն միջամտել է քննարկմանը: Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է. «Արդյո՞ք երրորդ երկրի տարածքում օտարերկրյա պաշտոնյայի սպանությունը համապատասխանում է ԱՄՆ սահմանադրությանը»: Ուլյանովի հարցն արդեն գրեթե մեկ շաբաթ անպատասխան է մնում…

Եվ ահա աշխարհն արդեն տեսել է. վերջին մի քանի օրերին Թեհրանում և նրա շրջակայքում պայթյուններ են հնչել, տարօրինակ պատահարներ են տեղի ունենում, կան զոհեր և այլն: Արևմտյան և իսրայելական ԶԼՄ-ները խեղդվում են ուրախությունից․ իբր «իսրայելական հատուկ ծառայությունները» գրոհում և «խոցում են Իրանին»՝ Իրանի տարածքում: Ժամանակի ընթացքում մենք կանդրադառնանք այս թեմային: Իսկ մինչ այդ ուշադիր ուսումնասիրենք, թե որքան զսպված, բայց Իսրայելի համար ծայրահեղ սպառնալի արձագանքում է Իրանը: Այնուամենայնիվ, ամերիկացիների համար ևս հստակ ծիծաղելու բան չի լինի: Հուլիսի 9-ին Իրանի Զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին Դամասկոսում հանդիպել և բանակցություններ է վարել նախագահ Բաշար ալ Ասադի հետ: Սիրիայի նախագահը գոհունակություն է հայտնել իրանցի և սիրիացի պաշտոնյաների միջև երկկողմ հանդիպումների արդյունքներից և երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին հուշագրի ստորագրումից, հայտնում է Mehr News գործակալությունը: Հուշագիրը ցույց է տալիս Իրանի և Սիրիայի միջև ռազմավարական հարաբերությունների մակարդակը և հանդիսանում է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի երկար տարիների համատեղ համագործակցության արդյունքը, հավելել է նա: Բաղերին, իր հերթին, ընդգծել է բոլոր ոլորտներում երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման շարունակման կարևորությունը՝ հայտարարելով, որ դա բխում է երկու երկրների շահերից: Բանն այն է, որ հուլիսի 8-ին Բաղերին և Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Աբդուլա Այուբը ստորագրել են ռազմական համագործակցության ընդլայնման մասին համաձայնագիր: Կողմերը քննարկել են Սիրիայի վերջին զարգացումները և շեշտել երկրից օտար զորքերի դուրս բերման անհրաժեշտությունը: Այսինքն` ամերիկյան, թուրքական և իսրայելական օկուպանտներին:

Գեներալ Բաղերին նաև նշել է, որ Իրանը կամրապնդի Սիրիայի ՀՕՊ համակարգերը՝ երկու երկրների միջև ռազմական համագործակցությունն ընդլայնելու համար: Ըստ Բաղերիի խոսքերի՝ տարածաշրջանային երկրները չեն ողջունում ԱՄՆ ներկայությունը և կպատասխանեն թշնամիների ցանկացած հիմար գործողություններին: «Համաձայնագիրն ընդլայնում է մեր փոխադարձ համագործակցությունը`ԱՄՆ ճնշումներին դիմակայելու համար»,- եզրափակել է նա: Իրանցի գեներալն ընդգծել է. «Իրանը Իսրայելից պաշտպանելու է Սիրիան օդային պաշտպանության համակարգերով: Խաղի կանոնները փոխվել են»: Համաձայնագիրը Իրանին թույլ է տալիս Սիրիայում տեղակայել իր (իրանական) արտադրության զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) առնվազն երկու տիպ, հուլիսի 11-ին գրել է «Tehran Times» թերթը՝ վկայակոչելով «տեղեկացված աղբյուրներին»: Նշվում է, որ իրանա-սիրիական համաձայնագիրը բաղկացած է ռազմական և քաղաքական մասերից: Փաստաթղթի ռազմական բաղադրիչներից առավել կարևոր է Իրանի կողմից արաբական դաշնակցին «առաջատար հակաօդային պաշտպանության համակարգերով ապահովումը, ինչպիսիք են՝ «Bavar-373»-ը և«Khordad-3»-ը: Ըստ աղբյուրների՝ դրանով իսկ Թեհրանն ու Դամասկոսը Իսրայելի ՌՕՈՒ կողմից Սիրիայում իրանամետ ուժերին ուղղված անդադար հարվածների ֆոնին «որոշել են փոխել պատերազմի կանոնները արաբական հանրապետության օդային տարածքում»: «Bavar-373»-ը իրանական արտադրության հեռահար գործողության ԶՀՀ է, որը պաշտոնապես ներկայացվել է 2019-ի օգոստոսի 22-ին: Այս ԶՀՀ հաճախ անվանում են Ս-300 ԶՀՀ անալոգ: «Khordad-3»-ը 50-ից 75 կմ հեռավորության գործողության ՀՕՊ համակարգ է: Իրանը «Khordad-3»-ը օգտագործել է 2019 թ. հունիսի 20-ին Պարսից ծոցի շրջանում ԱՄՆ ՌՕՈՒ անօդաչու թռչող սարքի ոչնչացման ժամանակ: Եվ զարմանալի չէ, որ Իրանի և Սիրիայի ակտիվացումը ժամանակային առումով համընկել է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության հետ, որում Մոսկվան նախազգուշացրել է Իսրայելին՝ Պաղեստինի օկուպացումը օրինականացնելուց զերծ մնալ: Ըստ որոշ տեղեկությունների՝ Իրանի ՀՕՊ համակարգերն արդեն գտնվում են Սիրիայում: Մենք հիշում ենք, որ Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը երբեք չեն օգտագործվել իսրայելական ռազմական ավիացիայի դեմ: Սակայն Իրանի ՀՕՊ համակարգերը անկասկած խոցելու են ցանկացած իսրայելական ինքնաթիռ: Նշենք. Իսրայելում և ԱՄՆ-ում արդեն խուճապ է սկսվել…

Սերգեյ Շաքարյանց