ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը (տեսանյութ)

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը:

Տեսանյութը հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել էր նաև հուլիսի 13-ին։

«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է։ ՀՀ ԶՈՒ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Հայկական կողմը կորուստներ չունի»,- ավելի վաղ ասել էր Շուշան Ստեփանյանը։

Ադրբեջանական կողմը հայտնել է մարտական կորուստների մասին․ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվել է արդեն 4 զինծառայողի մահվան մասին տեղեկություն։

Այսօր ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել է, որ հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: