Պետրոս Ղազարյանի վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. «Մեդիապաշտպան»

Հանրային հեռուստաընկերության եթերում հուլիսի 12-ին Պետրոս Ղազարյանի հյուրերեն էին ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և պատմաբանության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, մշակույթի նախարարի նախկին պաշտոնակատար, արվեստաբան հրապարակախոս Նազենի Ղարիբյանը։ Հանրային քննարկման թեման հանրակրթության չափորոշիչներն էին, զրույցի մեծ մասը նվիրվեց աղմուկ բարձրացրած ու քննարկումների առիթ դարձած հայ եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրից որպես առանձին առարկա հանելու հարցին։ Պետրոս Ղազարյանը հարցադրումներում չեզոք չէր։ Թեմայի վերաբերյալ Պետրոս Ղազարյանը նաև ֆեյսբուքում գրառում էր արել՝ վերնագրելով․ «Հայ Առաքելական եկեղեցին և ՀՀԿ-ն», որտեղ իր ոճի մեջ հեգնում էր եկեղեցուն՝ նշելով, որ Հայ Առաքելական եկեղեցին շատ հաճախ հիշում է, որ Սահմանադրությամբ ունի բացառիկ դեր։ «Բայց այդ բացառիկությունը նախ և առաջ բացառիկ պարտականություններ է դնում մեր եկեղեցու առաջ։ Քաղաքացին շատ հարցերում չտեսավ իր եկեղեցու աջակցությունը»։ Պետրոս Ղազարյանը նաև եկեղեցուն մեղադրել էր նախկին իշխանությունների հետ ներդաշնակ լինելու մեջ, քանի որ այդ իշխանությունը պարբերաբար խախտում է Աստծո պատվիրանները։ Հանրային քննարկմանը ևս Պետրոս Ղազարյանը հիշեց նախկիններին, մասնավորապես, հիշեցնելով, կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի գրառումը, որ սա կրթության ապազգայնացում է։ Հյուրերից Նարինե Դիլբարյանն ասաց․ «Եկեք քաղաքականը թողնենք»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մտահոգություն է հայտնում, որ նման պայմանաններում, երբ հաղորդավարն ընդգծված վերաբերմունք է արտահայտում հանրային քննարկում չի կարող կայանալ։ Պետրոս Ղազարյանը, ով խոսում է եկեղեցու բացառիկ պարտականությունների մասին, պետք է գիտակցի, որ Հանրային հեռուստաընկերությունն էլ բացառիկ դեր ունի հանրության համար, այն ֆինանասավորվում է վերջիններիս միջոցներով ու պարտավոր է սպասարկել վերջիններիս շահերը։