Եթե Ադրբեջանի նպատակը պատերազմ սանձազերծելն է, ապա թող հիշեն` քամի ցանողը փոթորիկ է հնձում

Թող հիշեն նաև նախորդ երկու պատերազմներում, չնայած մեր նկատմամբ ադրբեջանական զինուժի քանակական, ռազմատեխնիկական առավելությանը, հայկական կողմից իրենց կրած խայտառակ պարտությունների մասին, լավ հիշեն և երբեք չմոռանան, չտրվեն վտանգավոր գայթակղությունների: Հայոց բանակը վարձկաններից չի բաղկացած, այնտեղ մեր զավակներն են, և մեր բանակի նկատմամբ մեր վերաբերմունքը նույնն է, ինչ մեր զավակների: Սրանով ամեն ինչ ասված է: Անկախ մեր երկրի ներսում եղած բազում խնդիրներից, նույնիսկ ներքին լարվածությունից և առճակատումից, պատերազմի դեպքում մենք միավորվելու ենք:

Գրեթե վստահ ենք, որ այս տողերը կկարդան նաև Ադրբեջանում, քանի որ հարևան երկրի համապատասխան ծառայությունները հետևում են հայկական ԶԼՄ-ներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում հատկապես Ադրբեջանին առնչվող հրապարակումներին:

Հիմա անդրադառնանք հուլիսի 12-ին ու դրանից հետո կատարվածին: Ինչպես հուլիսի 13-ին իր հայտարարությամբ  տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը,

«Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում

Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել:

Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։

Հայկական կողմից կորուստներ չկան:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Պաշտպանության նախարարը դեսպան Կասպրշիկին տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում:

Հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։

Ադրբեջանական կողմի կորուստների և իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

Հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում, քանի որ թշնամու ռազմաքաղաքական ղեկավարության, սպաների ու զինվորների նման տմարդի չեն, բայց Ադրբեջանի համար, ինչպես վկայում է նաև անցյալի փորձը, դա որևէ նշանակություն չունի: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում այսօր տեղեկացրել է, որ «ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան»:

Որ Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարել հայ-ադրբեջանական սահմանին՝ գրոհելով Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ տեղակայված մեր սահմանային դիրքերը, այսինքն` թշնամու ձեռնարկած գործողությունների բնույթը սադրիչ է, այսօր՝ հուլիսի 13-ին, ՀՀ կառավարության արտահերթ նիստում հայտարարեց նաև Նիկոլ Փաշինյանը, սակայն դեռ անորոշ է` Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները երեկ ժամը 13:45-ին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձ կատարելո՞վ են սկսել իրենց սադրիչ գործողությունները, թե դրանից ավելի վաղ, երբ ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:

Վերոնշյալ հարցի պատասխանից, անշուշտ, շատ ավելի կարևոր է պատասխանն այն հարցի, թե ի՞նչ նպատակ կամ նպատակներ ունի Ադրբեջանի սադրանքը: Այս հարցի պաշտոնական պատասխանը դեռ չկա, իսկ ոչ պաշտոնական հրապարակումներում ընդամենը վարկածներ, ենթադրություններ, կարծիքներ են: Տարբեր տեղեկությունների, թշնամու հնարավոր նպատակի վերաբերյալ արտահայտված տեղեկությունների վերլուծության հիման վրա, կարծում եմ, որ իր վերոնշյալ սադրանքով Ադրբեջանը պատերազմի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափից դուրս գալու նախադրյալ ստեղծելու նպատակն ունի:

Արթուր Հովհաննիսյան