Տավուշում խոցվել է Ադրբեջանի մի քանի ԱԹՍ. լուսանկարը վկայում է իսրայելական արտադրության լինելու մասին

ՀՀ Զինված ուժերը խոցել են հակառակորդի ոչ միայն մեկ, այլ մի քանի անօդաչու թռչող սարք: Այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Այս պահի դրությամբ մենք ունենք խոցած ոչ միայն մեկ ԱԹՍ, այլ մի քանիսը, որոնցից մեկը կամիկաձե: Հակառակորդի բոլոր գործողություններն ըստ էության ճնշվել են իրենց տրամաբանության մեջ»,- ասաց Քոչարյանը:

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների ժամանակ հայկական Զինված ուժերի խոցած ադրբեջանական առաջին անօդաչու թռչող սարքի լուսանկարը թույլ է տալիս ենթադրել, որ այն իսրայելական արտադրության է, սակայն լուսանկարի որակի պատճառով դեռևս դժվար է հստակ պնդել ԱԹՍ-ի մոդելը: Այս մասին գրել է «Արմենպրեսը»:

Պատկերվածը կամ հետախուզական Thunder-B է, կամ գլխիվայր շրջված հարվածային (մահապարտ) Skystriker ԱԹՍ: Երկուսն էլ իսրայելական արտադրության են: Thunder-B-ն կիրառվել և խոցվել է նաև ապրիլյանի ժամանակ, իսկ Skystriker-ները համեմատաբար նոր են՝ առաջին անգամ ցուցադրվել են Ադրբեջանի ՊՍԾ սպառազինությունում 2019-ի հունվարին, ապա նաև բանակում:

Հուլիսի 13-ի գիշերը ՀՀ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Հայաստանի Զինված ուժերը ադրբեջանական ԱԹՍ են խոցել Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողության ընթացքում: