ԱԺ-ը չընդունեց ԲՀԿ առաջարկը՝ հավաքներ և հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումներն ու արգելքները չեղյալ հայտարարելու մասին

Ազգային ժողովում ավարտվեց երկրում արտակարգ դրության իրավական ռեժիմը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկումը։ Կառավարության որոշման վերաբերյալ խորհրդարանի խմբակցություններից առաջարկ ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան»-ը, որը չընդունվեց խորհրդարանի կողմից:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացրել էր որոշման նախագիծ, որով առաջարկում էր չեղյալ հայտարարել հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումներն ու արգելքները:

Առաջարկը չընդունվեց 21 կողմ և 60 դեմ ձայներով:

Երեք ժամից ավելի տևած քննարկմանը ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց արտակարգ դրությունը երկարաձգելու պատճառը, կորոնավիրուսի առկա իրավիճակն ու ձեռնարկվող միջոցառումները, նաև պատասխանեց պատգամավորների հարցերին:

Կառավարությունը հուլիսի 13-ի արտահերթ նիստում որոշեց երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հուլիսի 13-ից ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: