Այդ մենք ենք կոչ անում Թուրքիային՝ սթափվել, ապա սթափեցնել իրենց ադրբեջանցի գործընկերներին (տեսանյութ)

Այսօր ՀՀ ԱԺ հատուկ նիստում  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Աշխարհում շարունակվում է տարածվել կորոնավիրուսի համաճարակը և այս պայմաններում, երբ կարծես ամբողջ աշխարհը և պետությունները պետք է միավորված պայքարեին համաճարակի դեմ, երեկ Ադրբեջանը սադրանքի է դիմել հայ-ադրբեջանական սահմանին և նրանց ագրեսիվ գործողությունները շարունակվում են նաև այսօր: Սա  ևս մեկ անգամ ի ցույց է դնում այս երկրի հետադիմական և ռազմատենչ էությունը: Ադրբեջանի գործողություններին արդեն իսկ մեր համապատասխան գերատեսչությունների կողմից տրվել է պարզ և սպառիչ գնահատական: Այս համատեքստում ես կուզեի խոսել Թուրքիայի արձագանքի մասին։  Երեկ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որով իր անվերապահ աջակցությունն է հայտնել Ադրբեջանին և, ըստ էության, պաշտպանել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի սահմանին։ Սա նշանակում է, որ Թուրքիան իրեն ներկայացնում է որպես ղարաբաղյան հակամարտության կողմ և ևս մեկ անգամ վերահաստատում է այն հանգամանքը, որ Թուրքիան չի կարող որևիցե միջազգային դերակատարում ունենալ, որը կառնչվի ղարաբաղյան հակամարտությանը: Ավելին, ըստ թուրքական մամուլում շրջանառվող հարցազրույցի, Թուրքիայի ԱԳ նախարարը Հայաստանին կոչ է արել սթափվել: Այս առնչությամբ ես ուզում եմ ասել՝ այդ մենք ենք կոչ անում Թուրքիայի իշխանություններին սթափվել, ապա սթափեցնել իրենց ադրբեջանցի գործընկերներին։ Եթե վերջիններս չսթափվեն և անհապաղ չդադարեցնեն ապօրինի գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին, ապա նրանց կսթափեցնեն մեր զինված ուժերը, իսկ սթափեցնելը մեր ԶՈՒ-երի մոտ, ինչպես ցույց տվեցին երեկվա և այսօրվա գործողությունները, ստացվում են շատ լավ: Կեցցե Հայաստանի Հանրապետություն, կեցցե Հայոց բանակը»:

Մանրամասները՝ տեսանյութում