Անթույլատրելի ենք համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող հետագա էսկալացիան. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունն անթույլատրելի է համարում տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող հետագա էսկալացիան: Այս մասին նշվում է արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ, որն արձագանքում է հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններին:

«Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը լուրջ մտահոգություն է հայտնում հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ: Ըստ ստացվող տեղեկությունների, մարտական գործողությունները շարունակվում են: Օգտագործվում է հրետանի, կան զոհեր և վիրավորներ: Ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու մտերիմներին։ Անթույլատրելի ենք համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող հետագա էսկալացիան։ Կոչ ենք անում հակամարտող կողմերին ցուցաբերել զսպվածություն և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»- նշված է հայտարարության մեջ:

Իր կողմից Ռուսաստանի ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իրավիճակի կայունացման համար։