Հունաստանում կոչ են արել բոյկոտել թուրքական ապրանքները՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու պատճառով

Հունաստանի մեծությամբ երրորդ քաղաքի՝ Պիրեյոսի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, գործարար Վասիլիս Կորկիդիսը թուրքական իշխանությունների՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման հենքին հույն գործարարներին կոչ է արել Թուրքիայի հետ առևտրի էմբարգո սահմանել, իսկ սպառողներին՝ բոյկոտել թուրքական ապրանքները:

«Ես առաջարկում եմ պալատների Կենտրոնական միությանն ընդունել բողոքի բանաձև, որի համաձայն մենք՝ որպես գործարարներ, Թուրքիա չենք ներմուծի և այնտեղից չենք արտահանի ապրանքներ, ինչպես նաև որպես սպառողներ՝ չենք գնի 868 և 869 գծակոդերով ապրանքները», – tert.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Կորկիդիսը:

Նա հունական իշխանություններին նաև առաջարկել է դիմել ԵՄ՝ Թուրքիայի դեմ առևտրային պատժամիջոցներ սահմանելու խնդրանքով: Կորկիդիսը նաև հայտարարել է, որ բոլորը գիտակցում են, որ Թուրքիայից ապրանքների ներմուծման և սպառման արգելքից հետո պատասխան արձագանքը չի ուշանա, և, հնարավոր է՝ Հունաստանի տնտեսությունը մեծ վնաս կրի։

«Բայց արդյո՞ք  հունական, քրիստոնեական և համաշխարհային մշակութային հուշարձանի ոչնչացման գործողությունները գին ունեն»,- ընդգծել է Կորկիդիսը։

Նշվում է, որ հունական արտադրանքի արտահանումը Թուրքիա հասնում է 1,4 մլրդ եվրոյի, իսկ Թուրքիայից Հունաստան ներմուծումը մոտ է մեկ միլիարդ եվրոյի: