Ադրբեջանի սադրանքները և դիվերսիաները անթույլատրելի արկածախնդրություն է, հատկապես ամբողջ աշխարհում մոլեգնող համավարակի պայմաններում. Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը հայ-ադրբեջանական սահմանին, Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողություններն անթույլատրելի արկածախնդրություն որակեց հատկապես աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի համավարակի պայմաններում:

Այս մասին Ավինյանն ասաց հուլիսի 13-ին գումարված Ազգային ժողովի հատուկ նիստում:

«Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին երեկվանից Ադրբեջանի սադրանքները և դիվերսիաները դիտարկում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն, հատկապես ամբողջ աշխարհում մոլեգնող համավարակի պայմաններում: Ողջ միջազգային հանրության համար ցանկանում եմ այս ամբիոնից կրկին լսելի դարձնել և վերահաստատել մեր պաշտոնական դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի իշխանությունն է լիարժեք կրում նման գործողությունների արդյունքում ադրբեջանական կորուստների, տարածաշրջանային հնարավոր լարվածության և անկայունության առաջացման ողջ պատասխանատվությունը»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը նշեց, որ հայկական բանակն ամենայն արհեստավարժությամբ, պատվախնդրությամբ և նվիրումով իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ արժանի հակահարված տալով հակառակորդի սադրիչ գործողություններին:

«Կոչ եմ անում մեր հանրությանն առավելագույն պատասխանատվություն դրսևորել, ապավինել, տարածել բացառապես պաշտոնական տեղեկատվություն, այսպիսով զորակցելով Հայոց բանակին»,- նշեց փոխվարչապետը: