Իրականում ո՞վ էր պղտոր ջրում ձուկ որսում․ ՀՀ սահմանին ռազմական գործողությունների մասին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրերն են «Կամք» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Հմայակ Մկրտչյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության համահիմնադիր Սոնա Աղեկյանը, որոնց հետո խոսեցինք Հայաստանի սահմանին անհանգիստ վիճակից, ադրբեջանական սադրանքից և հրահրված ռազմական գործողություններից։ Հաղորդման հյուրերը համախմբման և զսպվածության կոչ արեցին նաև ընդդիմադիր ուժերին՝ ասելով, որ բոլոր ուժերը պետք  է կենտրոնացնել սահմանի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

Ֆեյսբուքյան իր էջում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զգուշացում է արել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ զրույցում, որի հետ մշտական կապի մեջ է` ասելով  Հայաստանի զինված ուժերը դեռևս պահպանում են զսպվածություն, բայց եթե ադրբեջանցիները շարունակեն իրենց գործողությունները հայկական դիրքերի ուղղությամբ, կպատասխանեն համարժեք` գրավելով նոր դիրքեր։

Հմայակ Մկրտչյանի դիտարկմամբ՝ ադրբեջանական կողմի սադրանքը թանկ նստեց հենց իրենց վրա, քանի որ նրանք երկու ռազմական դիրք են կորցրել և մարդկային կորուստներ ունեցել։

Անդրադառնալով իշխանության քննադատություններին, թե նման օրհասական պահերին ընդդիմությունը փորձում է պղտոր ջրում ձուկ որսալ, հաղորդման հյուրերն ասացին, որ իշխանությունները մոռացել են, թե ինչպես էին Ապրիլյան քառօրյայի ժամանակ վարկաբեկում իշխանություններին՝ ասելով, թե բանակը պատրաստ չէր պատերազմի, զենքը 1980-ականների է, զրահամեքենաների համար վառելիքը վաճառել էին, փոխարենը ջուր լցրել։

Խոսեցինք նաև արտակարգ դրության երկարաձգման մասին, այսօր ՎԵՏՕ և ԱԴԵԿՎԱՏ շարժման անդամներին բերման ենթարկելու և նրանց բողոքի ակցիաները կանխելու մասին։

«Կամք» նախաձեռնության անդամն ասաց, որ իրենք այս պահին պատրաստակամություն է հայտնում սկսել կամքականների և նախաձեռնության համախոհների ու աջակցների շրջանում կամավորականների զինվորագրումը և տեղափոխումը դեպի մարտական գործողությունների դաշտ:

Մանրամասները՝ տեսանյութում