Ալիևը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հետ սահմանային լարվածության ֆոնին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ հանդես գալով ելույթով: Այնուհետև նիստը շարունակվել է փակ ռեժիմով, գրում է minval.az-ը:

Հիշեցնենք, որ Հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հուլիսի 13-ին ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնել:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

Նախարար Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաև իրադրության հետագա սրման հետևանքների մասին:

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր լույս հուլիսի 13-ին ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած մարտերի հետևանքով 4-րդ զոհի մասին: Սպանվածն ադրբեջանական բանակի զինծառայող, ավագ լեյտենանտ Ռաշադ Մահմուդովն է:

Հիշեցնենք, որ երեկվանից ադրբեջանական կողմը նախ ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով սահմանը խախտելու փորձ էր կատարել, ապա պարբերաբար հրետակոծել է հայկական դիրքերը՝ Տավուշի ուղղությամբ։

Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էր բացել 82 մմ ականանետից ու տանկից։

Ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտնել է կորուստների մասին, հայկական կողմը կորուստներ չունի։