ՀԱՊԿ մշտական խորհուրդն արտահերթ նիստում կքննարկի Տավուշի ուղղությամբ իրավիճակի սրման հարցը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի հայ-ադրբեջանկան սահմանին սրված իրավիճակի հարցը: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:

«Կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ, որը սկսվել է հուլիսի 12-ին Տավուշի ուղղությամբ ռազմական բախման հետևանքով, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հուլիսի 13-ին նախաձեռնել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստե»,- նշված է հայտարարությունում:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան:

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ իրականացվող գործողությունները։ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ զրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ:

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ զրույց է ունեցել հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են, իսկ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը: