Դիմակը կարող է դառնալ նորաձև աքսեսուար. ԱՀԿ

Դիմակը կարող է դառնալ նորաձեւ աքսեսուար, սակայն այն պարտադիր պետք է լինի եռաշերտ, իսկ գործվածքից պատրաստված դիմակն անհրաժեշտ է ամեն օր լվանալ 60 աստիճան ջերմությամբ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

«Անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի դիմակները բոլորին հասանելի լինեն: Անհրաժեշտ է գտնել մի միջոց, որպեսզի բոլոր մարդիկ դրանից օգտվելու հնարավորություն ունենան… Ես նույնիսկ դեմ չեմ այն բանին, որ դիմակը դառնա նորաձև դետալ: Բայց միայն մի պայմանով. եթե այն գործվածքից է պատրաստված, ապա անհրաժեշտ է ամեն օր լվանալ 60 աստիճան ջերմությամբ, և որ այն լինի եռաշերտ: Դիմակը կարող է լինել ցանկացած պատկերով: Ես հասկանում եմ՝ տապ է, հարմար չէ, այդ ամենը հասկանալի է: Պարզապես անհրաժեշտ է ընտելանալ դրան»,-ասել է Վույնովիչը՝ խոսելով կորոնավիրուսի համավարակի ֆոնին սահմանված միջոցառումների մասին: Նա նաև հիշեցրել է, որ հարկավոր է մշտապես լվանալ ձեռքերը, ամենուրեք պետք է լինեն սանիտայզերներ, իսկ հասարակական վայրերում մակերևույթները պետք է ախտահանվեն:

«Մենք շատ ենք շփացել: Մենք սովորել ենք, որ ամեն բան բուժվում է: Բայց COVID-ը սովորական մանրէ չէ: Այնպես որ, լավ հիգիենան այն է, ինչը հարկավոր է վերադարձնել մեր կյանք»,-հավելել է ԱՀԿ ներկայացուցիչը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակման արդեն ավելի քան 12,66 միլիոն դեպք, ավելի քան 563,7 հազար մարդ մահացել է: