Ռուսաստանի ԱԳՆ. ԱՄՆ հետախուզությունը մասնակցում է թմրանյութերի վաճառքին

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սկանդալները շարունակում են տարածվել համաշխարհային թատերաբեմում: Ոչ վաղ անցյալում մենք գրել ենք, որ ԱՄՆ դեսպանատունը կախել է ԼԳԲՏ դրոշը, և դա կտրուկ արձագանք է ստացել Կրեմլի և Ռուսաստանի ԱԳՆ կողմից: Իսկ հուլիսի 3-ին անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով լրագրողների հետ, մեկնաբանելով կատարվածը, կես կատակ, կես լուրջ ասել է. «Իսկ այս շենքում ովքե՞ր են աշխատում: Եվ ահա։ Նրանք որոշ բաներ ցույց տվեցին այն մասին, թե ովքեր են այնտեղ աշխատում»:

Ոմանք կարող են ասել, թե իբր, այս ամենը բոլորովին էլ լուրջ չէ, պարզապես ֆոն: Եվ հանկարծ` արձագանք Միացյալ Նահանգներից: «The New York Times» թերթը (NYT) հաղորդել է, որ Ռուսաստանը, իբր, վճարել է աֆղանական «թալիբներին՝ Աֆղանստանում ամերիկյան զինծառայողների սպանության դիմաց: Այո, իհարկե, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այդ հաղորդագրությունը կեղծիք է անվանել, որն ուղղված է իր և Հանրապետական ​​կուսակցության դեմ: Ավելի ուշ, ըստ NYT տվյալների, ԱՄՆ հետախուզությունը հաղորդել է պարոն Թրամփին, որ ԱՄՆ զինծառայողներին սպանելու դիմաց Մոսկվայի կողմից «թալիբների» ֆինանսավորման  ուղղակի ապացույցներ չկան:

Թվում էր, թե վերջ, միջադեպն սպառված է, Թրամփն ինքն է հերքել սեփական հետախուզությունը: Սակայն Մոսկվան չէր հանդարտվում: Եվ ահա գագաթնակետը: ԱՄՆ հետախուզությունը, որը Ռուսաստանին մեղադրում է արմատական ​​«Թալիբան» շարժման անդամների հետ դավադրության մեջ, ներգրավված է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ, հուլիսի 4-ին հայտարարել է Աֆղանստանում Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց, ՌԴ արտգործնախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը՝ «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում։ «Այնտեղ անցկացված նախագծերից ստացված անթիվ «ատկատները» նույն հիասքանչ ամերիկյան հետախույզների մասնակցությունը, ովքեր մեղադրում են մեզ ինչ-որ բանի, թմրանյութերի շրջանառության մեջ: Նրանց ինքնաթիռները Քանդահարից, Բաղրամից թռչում են առանց ստուգման որտեղ ցանկանան` Գերմանիա, Ռումինիա: Յուրաքանչյուր աֆղանցի Քաբուլում ձեզ կպատմի, նույնիսկ ալարկոտը պատրաստ է խոսել այս թեմայի շուրջ», – ասել է պարոն Կաբուլովը:

Ի դեպ, նա լիարժեք տեղեկատվություն չի հայտնել Ռուսաստանի քաղաքացիներին և համաշխարհային հանրությանը: Այս տողերի հեղինակը կարող է ավելացնել. անհայտ բեռներով բեռնված ամերիկյան ռազմական տրանսպորտային ինքնաթիռները Աֆղանստանից թռչում են ոչ միայն Քանդահարի և Բաղրամի օդանավակայաններից, այլև Մազար-է-Շարիֆից և հյուսիս-աֆղանական այս քաղաքի մոտակայքից: Ինչո՞ւ մենք դա գիտենք: Ավաղ, քանի որ հենց Քանդահարում և Մազար-է-Շարիֆում են «ծառայություն տանում» հայ խաղաղապահները, և միայն կարելի է կռահել, թե այդ ինչպիսի ծառայություն են իրականացնում Հայաստանի խաղաղապահները օդանավակայաններում, որոնց միջոցով ԱՄՆ հատուկ ծառայությունները կազմակերպում են թմրանյութերի շրջանառություն Աֆղանստանից Եվրոպա և… ԱՊՀ երկրներ: Այո, մենք չենք սխալվում. Աֆղանստանից ամերիկյան ռազմական տրանսպորտային ինքնաթիռները առանց ստուգումների թռչում են նաև Բաքվի Բինա օդանավակայան: Որպես «Բաց երկնքի» մասին համաձայնագրի մաս, ոչ ոք չի ստուգում ամերիկացիներին, չի ստուգում բեռները և այլն: Դե, իսկ Բաքվից, որտեղ «հոսում են» աֆղանական թմրանյութերը, ինչպես հիշում ենք, դեռևս 2002-04 թվականներին բացահայտ հայտարարում էր Ռուսաստանի ԱԴԾ-ն. հենց Ռուսաստանը, ընդհուպ մինչև Սանկտ Պետերբուրգ էին ձգվում թմրագործների ճիրանները։ Եվ չես հասկանա, թե ում վերագրել այս հանցավոր բիզնեսը` միայն ադրբեջանցիներին, թե ամերիկա-ադրբեջանական հանցավոր սինդիկատին:

Բայց հիասթափեցնենք և պարոն Կաբուլովին, և Ռուսաստանի քաղաքացիներին. Մոսկվան աշխարհում առաջինն չէր, որ հայտնաբերել և մեղադրել է ԱՄՆ հատուկ ծառայություններին Աֆղանստանից թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ: Առաջինը, ընդ որում՝ դեռ 2005-07 թվականներին, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն էր, որն Իրանի ԻՀՊԿ-ի հետախուզության տվյալների հիման վրա պնդում էր, որ հենց ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն են աջակցում Աֆղանստանում հանցավոր թմրանյութերի արտադրության ծավալի ավելացմանն ու խթանում են թմրանյութերի շրջանառությունը։ 2008-ին Լոնդոնում Ահմադինեջադը և Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին հրավիրում էին բրիտանացիների ուշադրությունը. Աֆղանստանում թմրանյութերի արտադրությունը նվազեցնելու համար ՆԱՏՕ-ի զորքերի անկարողությունը բացասաբար է անդրադառնում Իրանում ստեղծված իրավիճակի վրա, որտեղ ստացվում է աֆղանական թմրանյութերի զգալի մասը, և ընդգծում էին, որ 2001 թվականից սկսած (երբ ՆԱՏՕ-ն օկուպացրել է Աֆղանստանը) արտահանվող թմրանյութերի ծավալը 5 անգամ ավելացել է: 2017թ. վերջին Իրանի Մաժլեսի (խորհրդարանի) այն ժամանակվա խոսնակ Ալի Արդաշիր Լարիջանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանում հաստատվելուց հետո, դեռևս 2001-ին, այս ընթացքում թմրամիջոցների տարեկան արտադրությունն աճել է 200-ից մինչև 9000 տոննա, այսինքն՝ 45 անգամ… Շեշտում ենք, որ նախորդ տարիներին ևս և՛ Ռուսաստանի, և՛ Չինաստանի հետախուզական ծառայությունները հաստատում էին Մ.Ահմադինեջադի և Իրանի այլ ներկայացուցիչների տվյալները:

Սակայն այժմ իրավիճակը փոխվում է ոչ թե օրերով, այլ ժամերով։ Երկար տարիներ Արևմուտքը, այդ թվում՝ և ԱՄՆ-ը, լուռ անտեսում էին Աֆղանստանում թմրանյութերի բիզնեսում արևմտյան զինված ուժերի և հետախուզությունների ներգրավման մասին պնդումները: Բայց ոչ ոքի չի հաջողվի անտեսել Ռուսաստանի ԱԳՆ ներկայիս հայտարարությունը: Խորհուրդ տանք ՀՀ պաշտպանության նախարարությանը. որքան հնարավոր է, շուտ դուրս բերեք մեր զորքերը Քանդահարից և Մազար-է-Շարիֆից, հակառակ դեպքում, Աստված մի արասցե՝ նրանք կլինեն «ամեն ինչի մեջ մեղավոր սլաքավորը»:

Սերգեյ Շաքարյանց