ԱՄՆ պետքարտուղարությունը խորհրդական կվարձի՝ Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում օգնելու համար. Russia Today

ԱՄՆ պետքարտուղարությունը մտադիր է վարձել մասնագետ, որը Հայաստանի կառավարությանը կօգնի կոռուպցիայի դեմ պայքարում: Մասնագետը պետք է համագործակցի ՀՀ արդարադատության նախարարության հետ և նպաստի բարեփոխումների իրականացմանը: Այս մասին հայտնում է Rt.com կայքը, որը ծանոթացել է ամերիկյան գերատեսչության պայմանագրին:

«Խորհրդականը Հայաստանի կառավարությանն աջակցություն կցուցաբերի նոր հակակոռուպցիոն մարմիններ ստեղծելու և դրանց արդյունավետությունը բարձրացնելու գործում (այդ թվում` կազմավորման փուլում գտնվող Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի): Այդ մարմինները կուսումնասիրեն կոռուպցիոն դեպքերը և կոռուպցիոներներին պատասխանատվության կենթարկեն»,-ասված է փաստաթղթում:

Բացի դրանից, մասնագետը ՀՀ իշխանություններին պետք է խորհրդատվությամբ օգնի իրավապահ մարմինների բարեփոխումների մշակման և իրականացման վերաբերյալ: Նա համագործակցելու է Արդարադատության նախարարության և այլ իրավապահ մարմինների հետ:

«Հարցերի լայն շրջանակի շուրջ անցկացնել նախապատրաստում, ուսուցանում, ինչպես նաև տրամադրել այլ տեխնիկական աջակցություն արդարադատության նախարարությանը, Հայաստանի հակակոռուպցիոն հանձնաժողովին (երբ այն կստեղծվի) և այլ համապատասխան արդարադատական ինստիտուտներին՝ միևնույն ժամանակ առաջնահերթություն տալով բարձր մակարդակի կոռուպցիայի դեմ պայքարին», – նշել են ԱՄՆ պետդեպարտամենտում:

Խորհրդականը կզբաղվի նաև ուսումնական շրջագայությունների, քննիչների համար դասընթացների և Վաշինգտոնի կողմից ֆինանսավորվող ծրագրերի մշակմամբ: Պաշտոնին կարող են հավակնել միայն ԱՄՆ քաղաքացիները: