Արայիկ Հարությունյանը Փաշինյանի կողմից կարող է արժանի համարվել պաշտոնական նման առաջխաղացման համար

Թույլ չտալ գողանալ մեր երեխաների անմեղությունը, մաքրությունը, խեղաթյուրել նրանց հոգեբանությունը. Մենք դեռ ունենք դրա հնարավորությունը

Խոսակցություններ կան, թե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը մտադիր է աշնանը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին այդ պաշտոնում փոխարինել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանով (վերջին երկուսը նույնպես տվյալ պաշտոններին անարժան ու Փաշինյանի պես դրանք ժամանակավորապես զբաղեցնող անձինք են):

Համապատասխանո՞ւմ են արդյոք վերոնշյալ խոսակցություններն իրականությանը, այս պահին դժվար է ասել, սակայն եթե Արայիկ Հարությունյանը հայտնվի ՀՀ փոխվարչապետի պաշտոնում, բնավ չենք զարմանա: Չէ՞ որ նա վաղուց Սորոսի, սորոսականների, սատանիստական հակամշակույթը կրողների ու տարածողների աչքի լույսն է, և թեկուզ միայն «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանրակրթական դպրոցից դուրս մղելու նպատակադրման ու ջանքերի համար Փաշինյանի կողմից կարող է արժանի համարվել պաշտոնական նման առաջխաղացման համար: Փաշինյանի, որի վերաբերմունքը Հայոց եկեղեցու և հայ հոգևորականների նկատմամբ արդեն երևի շատերին է հայտնի:

Օրերս հայտնի դարձավ, որ «թավշյա հեղափոխություն» կոչվածով իշխանության եկած պաշտոնյաներից ոմանց նպատակը չի սահմանափակվում զուտ մեր դպրոցներից  «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան վտարելով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հունիսի 25-ին ներկայացվել է հանրակրթական չափորոշիչները փոփոխելու մասին կառավարության որոշման նախագիծ: Այս կապակցությամբ Analitik.am լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում «Արժեհամակարգի վերջնական քանդումը հենց դպրոցից սկսելու հիմքերը դրվում են» վերտառության ներքո գրել է.

«Հունիսի 25-ին ԿԳՄՍՆ-ի կողմից ներկայացվել է հանրակրթական չափորոշիչները փոփոխելու մասին կառավարության որոշման նախագիծ: Այս տարբերակով արդեն հնարավոր կլինի ներդնել սեռական կրթություն դպրոցներում, հանել ուսումնական ծրագրերից ազգայինը, հայրենասիրական առարկաները՝ փորձելով վաղ տարիքից արդեն երեխաներին դարձնել ազգ և սեռ չունեցողներ: Դեռ կանդրադառնամ այդ չափորոշիչներին, հիմա ընդամենը մի քանի վտանգավոր կետեր նշեմ.

6-10 տարեկան երեխաների համար.

1.Ճանաչի և համադրի տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները, գիտակցի դրանց դերը աշխարհաճանաչողության գործում:

Վտանգն՝ այս մասով մասնագետները փաստում են, որ երեխաներին զգայարանների վրա կենտրոնացնելը կարող է բերել խեղումների և վաղ տարիքից սեռական կյանքով ապրելու ցանկություն առաջացնել:

2.Ցանկության դեպքում արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր յուրահատուկ լինելը:

Վտանգը՝ հետաքրքիր է յուրահատուկ բառի կիրառումը, որը մի շարք երկրներում ասոցոցվում է սեռական կողմնորոշման հետ՝ տրանսգենդերները, միասեռականները համարվում են յուրահատուկ, և այդ գաղափարախոսությունը հենց դպրոցական տարիքից է ներդրվում: Վտանգավոր է նաև երեխաներին վաղ տարիքից զգացմունքների վրա կենտրոնացնելը:

10-15 տարեկան երեխաների համար.

1.Կարողանա հավասարակշռել և ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները, սեփական յուրահատկությունները և հակումները:

Վտանգը՝ երեխաներին պետք է պատմեն գոյություն ունեցող հակումների մասին, որպեսզի նրանք կողմնորոշվեն, թե ինչ հակումներ ունեն և գիտակցեն դրանք՝ այսինքն 10 տարեկանից սկսած երեխաներին կենտրոնացնելու են սեռական տարբեր կողմոնորոշումների վրա՝ իբր թե, որ վերջիններս պարզեն և գիտակցեն իրենց զգացմունքներն ու հակումները:

2.Տեղեկացված և պատրաստ լինի հասունացման շրջանում իր և տարեկիցների հետ կատարվող ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններին, ունենա ինքնախնամքի, հիգիենայի հմտություններ:

Վտանգը՝ սա նշանակում է, որ պատմելու են երեխաներին սեքսի, պահպանակաների օգտագործման, հղիության ընդհատման ձևերի, սեռավարակների մասին, ինչը, մասնագետները փաստում են, որ կնպաստի վաղ տարիքից սեռական կյանքով ապրելու ցանկության ձևավորմանը:

3.Դիմակայի ճնշումներին և իմանա՝ ում դիմի աջակցության և խորհրդատվության համար:

Վտանգը՝ բնական է, որ դպրոցներին կից կստեղծվեն տարբեր կառույցներ, որոնք կսկսեն աշխատանքներ տանել երեխաների հետ, ինչպես որոշ երկրներում է, որտեղ երեխաներին առանց ծնողների գիտության իբր հոգեբանական աջակցություն են տրամադրում, ապա որոշում են, որ երեխան տրանսգենդեր է, ընտանիքում ճնշվում է և սկսում են հորմոնալ դեղերի միջոցով սեռափոխել երեխաներին՝ 10 տարեկանից սկսած:

15-18 տարեկանների համար

1.Ցուցաբերի հարգանք և անաչառ, անհատական ու ինքնագիտակից մոտեցում ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների վերաբերյալ՝ դիտարկելով դրանք մարդու իրավունքների և այլ անձանց նկատմամբ հարգանքի տեսանկյունից:

Վտանգը՝ չտալով անհրաժեշտ չափով գիտելիք սեփական ազգի, կրոնի, ավանդույթների մասին, չսովորեցնելով դրանք սիրել ու հարգել, սովորեցնում են հարգել դիմացինի ավանդույթներն ու իրավունքները, կոպիտ ասած, երեխան պետք է մոռանա իր ազգի ավանդույթների մասին, բայց հարգի, ասենք, թուրքերի ավանդույթները:

Սրանք ընդամենը մի քանի վտանգավոր կետեր են, սակայն ԿԳՄՍՆ-ի կողմից ներկայացված չափորոշիչների ներդրմամբ հնարավոր կլինի քայլ առ քայլ ներդնել այն բոլոր քայքայիչ և երեխաներին խեղաթյուրող ծրագրերը, որոնց մասին այդքան բարձրաձայնել եմ, և որոնք անդառնալի վտանգավոր ազդեցություն են ունենալու երեխաների հետագա կյանքի վրա»:

Շարունակելով իր բարձրացրած թեման, Անի Հովհաննիսյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Լուսանկարում այս հրաշք հայ բալիկի հետ իր հայ մայրն է, ով պատրաստ է պայքարել իր երեխայի առողջ մանկության համար՝ թույլ չտալով կրթական գործընթացում ներառել մանկական հոգեբանությունը խեղաթյուրող առարկաներ, սեռական դաստիարակության անվան տակ նպաստել երեխայից մանկությունը գողանալուն և վաղ տարիքից սեռականացնելուն։

Այնպես է ստացվել, որ բոլոր կանայք՝ բացառությամբ որոշ աննորմալ դեպքերի, օժտված են մայրական բնազդով, ինչը նշանակում է, որ կանայք բնազդային մակարդակով զգում են երեխաներին սպառնացող վտանգները և կարող են նույնիսկ սեփական կյանքը վտանգել երեխային փրկելու համար՝ ի դեպ, պատմությունը բազմաթիվ փաստեր ունի, թե ինչպես են կանայք իրենց կյանքը վտանգի տակ դրել ուրիշի երեխային փրկելու համար։

Այսօր տեսնում ենք, թե ինչպես է փորձ արվում կրթական չափորոշիչները փոխելով երեխաների շրջանում այլասերում տարածող գաղափարները ներդնել կրթական ծրագրերում։ Այդ չափորոշիչների վտանգների մասին փաստում են մասնագետները, բժիշկները, այլ երկրների փորձը, որտեղ ծնողներն այլևս չեն կարողանում փրկել իրենց երեխաներին կործանարար ազդեցություններից։

Մենք դեռ ունենք հնարավորություն թույլ չտալ գողանալ մեր երեխաների անմեղությունը, մաքրությունն ու խեղաթյուրել նրանց հոգեբանությունը»։

Անի Հովհաննիսյանը վստահություն հայտնելով, որ յուրաքանչյուր նորմալ կին, անկախ նրանից` երեխա ունի, թե ոչ, բնազդային մակարդակով դեմ է վերոնշյալ սարսափելի ծրագրի իրագործմանը, խոստացել է մայրերի հետ միասին պայքարել թե լուսանկարում պատկերված այս հրաշքի, թե բոլոր երեխաների, այդ թվում` գրանտի դիմաց երեխաների հոգեբանությունը խեղաթյուրող ծրագրերում ներգրավված անձանց երեխաների առողջ մանկության իրավունքի համար։

«Թույլ չենք տա սորոսականներին պղծել մեր երեխաներին,- գրել է Analitik.am լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիրը և հետգրությամբ հավելել.- թույլ չտալու գործողությունների մասին ավելի մանրամասն տեսանյութ կհրրապարակեմ, մինչ այդ կարևոր է մեկնաբանություններում դրված հղումով մտնել և դեմ քվեարկել կրթական չափորոիշիչների փոփոխման նախագծին, քանի որ սորոսականներն ակտիվ աշխատում են ձայների լցոնման ուղղությամբ»։

Բարձրացված թեմայի` հանրակրթական չափորոշիչները փոփոխելու նպատակ ունեցող ՀՀ կառավարության որոշման նախագծի վրա հրավիրում ենք մանկավարժների, հոգեբանների և, եթե որոշ փակագծեր բացվեն, թերևս նաև սեռաբանների ուշադրությունը: Հնարավո՞ր է, որ վերոնշյալ ֆեյսբուքյան գրառումների հեղինակին ինչ-որ բան թվացել է, կամ նա ինչ-որ բան չափազանցրել է: Այս հարցի պատասխանը ստանալու համար ևս մեկ անգամ ուշադիր կարդանք Անի Հովհաննիսյանի երեկվա գրառման հետևյալ հատվածը. «Այդ չափորոշիչների վտանգների մասին փաստում են մասնագետները, բժիշկները, այլ երկրների փորձը, որտեղ ծնողներն այլևս չեն կարողանում փրկել իրենց երեխաներին կործանարար ազդեցություններից»:

Այնուհանդերձ, եթե ԿԳՄՍ նախարարությունը հայտարարի, որ ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսված հանրակրթության պետական չափորոշիչի փոփոխությունը կամ նոր չափորոշիչի ձևավորման և հաստատման կարգը բոլորովին այլ բան է նշանակում և որևէ կապ չունի Անի Հովհաննիսյանի բարձրաձայնած մտահոգությունների հետ, մենք սիրով կհրապարակենք այդ պարզաբանումը, իսկ լռությունը կհամարենք հաստատումը նրա, որ նախարարությունն ու կառավարությունն իսկապես մտադիր են իրականություն դարձնել այն, ինչի մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Analitik.am կայքի գլխավոր խմբագիրը: Մանավա՛նդ, որ մեզ հայտնի են նաև այլ տեղեկություններ, որոնց առաջիկայում, հնարավոր է, անդրադառնանք առանձին հրապարակմամբ:

Արթուր Հովհաննիսյան