Կոտայքում կմեկնարկեն հինգ դպրոցների կառուցման և վերակառուցման աշխատանքները

Կրթությունը Կոտայքի մարզային իշխանությունների հռչակած առաջնահերթություններից է և այս ոլորտում ևս շինարարական բուռն շրջանի մեկնարկ է սպասվում: Այս մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը։

Եվ այսպես, մարզի 5 դպրոցներ այս տարի կկառուցվեն և կվերակառուցվեն մի շարք ծրագրերի շրջանակներում

• Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց
• Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոց
• Հրազդանի թիվ 10 ավագ դպրոց
• Կաթնաղբյուրի հիմնական դպրոց
• Ջրառատի միջնակարգ դպրոց:

ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում այս տարի Կոտայքի մարզում կապամոնտաժվեն և կվերակառուցվեն սեյսմիկ անվտանգության տեսանկյունից խոցելի և կրթական գործընթացի համար անհրաժեշտ քաղաքաշինական բարելավման ենթակա 2 դպրոցներ`Աբովյանի թիվ 2 և Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցները:

Այս դպրոցները ճանաչվել են սեյսմավտանգ, ուստի ենթակա են քանդման և վերակառուցման:

Վերակառուցումից հետո դպրոցները բավարարելու են ժամանակակից քաղաքաշինական և կրթական պահանջարկի բոլոր չափանիշներին, մասնավորապես՝ սեյսմակայուն են լինելու առնվազն 9 բալ երկրաշարժի դեպքում: Նորակառույց դպրոցները մատչելի կլինեն նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

Անդրադառնանք Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցին, որը 3-րդ աստիճանի վթարային է ճանաչված և արդեն պետական բյուջեի միջոցներով հիմնովին կքանդվի և կվերակառուցվի` նախատեսված շուրջ 600 աշակերտի համար. Ներկայում աշակերտների թիվը 345 է:

Դե իսկ, կառավարության «Փոքր թվակազմ ունեցող դպրոցների կառուցում» ծրագրի շրջանակում նախատեսվում է 2020թ-ին Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում կառուցել մոդուլային շենքերով ամբողջովին նոր դպրոցներ:

Մինչև 100 երեխայի համար նախատեսված հանրակրթական դպրոցները ծառայելու են ոչ միայն որպես ուսումնական հաստատություններ, այլև կատարելու են մշակութային տների գործառույթներ:

Նշենք, որ Կաթնաղբյուր համայնքում արդեն դիտարկվել է այն հատվածը, որտեղ կկառուցվի նոր դպրոցի շենք, իսկ Ջրառատում մոդուլային դպրոցը նախատեսված է կառուցել գործող դպրոցի հարակից տարածքում:

Որոշ դպրոցների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ընդունման մրցույթներն արդեն հայտարարված են:

«Մեր աշակերտները արժանի են կրթության իրենց իրավունքն իրացնելու բարեկարգ, լուսավոր և ընդարձակ դպրոցներում և այդ նպատակի իրագործման համար ներդնելու ենք առավելագույն ջանքերը», -նշել է Կոտայքի մարզպետը: