Սա վհուկների քաղաքական որս է. Թրամփը դժգոհել է, որ իրեն պարտավորեցրել են հրապարակել հարկային հայտարարագրերը

ԱՄՆ գերագույն դատարանը բավարարել է Կոնգրեսի մի քանի հանձնաժողովների ներկայացրած հայցը և նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցրել է հարկային հայտարարագրեր ներկայացնել Նյու Յորքի դատախազ Սայրուս Վենսին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։
Կոնգրեսում հայտարարել են, որ այդ փաստաթղթերն անհրաժեշտ են պարզելու համար, թե նախագահը ներգրավվա՞ծ է եղել փողերի լվացման և ծառայողական լիազորությունների չարաշահման մեջ։

Նշվում է, որ դատարանը մերժել է Սպիտակ տան ղեկավարի՝ նախագահական անձեռնմխելիության մասին հայտարարությունը, սակայն միևնույն ժամանակ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի համար փակել է նախագահի ֆինանսական հաշվետվությունների հասանելիությունը։

Այսպիսով՝ Թրամփին պատկանող Mazars LLP հաշվապահական ընկերությունը, ինչպես նաև Capital One և Deutsche Bank բանկերը ստիպված են Թրամփի վերջին 9 տարվա ֆինանսական փաստաթղթերը հանրայնացնել։

Այդ տվյալների ուսումնասիրության ընթացքում Սայրուս Վենսը ծրագրում է իմանալ՝ արդյո՞ք վճարումներ են արվել պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին և Playboy ամսագրի նախկին մոդել Քարեն Մաքդուգալին, որոնք հայտարարել են, որ սեռական կապ են ունեցել նախագահի հետ։

Սպիտակ տան ղեկավարը հավանություն է տվել Գերագույն դատարանի՝ Ներկայացուցյիչների հալատի համար հաշվետվությունների հասանելիության կասեցմանը, սակայն նաև քննադատել է իր հարկային փաստաթղթերի հրապարակման մասին հրամանը։

«Սա վհուկների քաղաքական որս է, նման բան երբեք որևէ մեկը չի տեսել։ Սա վհուկների իսկական որս է, Մյուլերի հետաքննությունը նույնպես կեղծ էր, բայց ես հաղթեցի։ Սա ևս մի մեծ քաղաքական կեղծարարություն է»,- թվիթերյան իր օգտահաշվում գրել է Թրամփը։