ԲԴԽ-ն մերժեց արդարադատության նախարարի միջնորդությունը Ալեքսանդր Ազարյանին կարգապահական վարույթի ենթարկելու վերաբերյալ

Բարձրագույն դատական խորհուրդը այսօրվա նիստում մերժեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին: Որպես միջնորդության հիմք՝ արդարադատության նախարարությունը նշել էր դատական նիստերից մեկի ժամանակ դատավոր Ալեքսանդր Ազարյանի հնչեցրած խոսքերը, որոնք արդարադատության նախարարությունն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը որակում են որպես վերջինիս և ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ անհարգալի վերաբերմունք։

«Հույս ունեի, որ չէիք իջնի ՀՔԾ պետի մակարդակին և չէիք քննադատի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»,- ասել էր Ալեքսանդր Ազարյանը։

ԲԴԽ որոշման հրապարակումից հետո Ազարյանը նշեց, որ ծանոթ չէ որոշման պատճառաբանական մասին. «Ես  ՀՔԾ պետ չեմ և չեմ կարող կարծիք հայտնել»,- ասաց Ազարյանը:
Որոշումը ստորագրված է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի, խորհրդի անդամներ Մակյանի, Մխիթարյանի, Չիչոյանի կողմից: