Ինչո՞ւ է ստում Արսեն Թորոսյանը և ո՞ւմ շահերին է ծառայում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Պարացելսուս» ՀԿ հիմնադիր-նախագահ Նունե Ներսիսյանը, որ հետ խոսեցինք Աչաջուրի ԱԿ- ի տնօրինությանը առողջապահության նախարարի ուղարկած գրության մասին, որով նա հրավիրվում է նախարարություն քննարկման՝ կենտրոնի լիցենզիան կասեցնելու վերաբերյալ։

Անդրադարձանք նաև ֆրանսիական լրատվամիջոցում հրապարակված հոդվածին, որտեղ նշված է, որ Հայաստան իբրև մարդասիրական օգնություն ժամանած ֆրանսիացի 7 բժիշկներից 5-ն ընդհանրապես կապ չի ունեցել կորոնավիրուսի բուժման հետ, և բժիշկների ժամանումը համաձայնեցված չի եղել Ֆրանսիայի իշխանությունների կամ դիվանագիտական որևէ օղակի հետ։ Նունե Ներսիսյանի համար անհասկանալի է, թե այդ բժիշկներն ինչով են զբաղված եղել Հայաստանում, երբ վիրուսի բուժման փորձ չեն ունեցել, հավանաբար իրենք են մեր բժիշկներից այստեղ գիտելիք և փորձառություն ձեռք բերել։ Նա ասաց, որ հավանաբար առողջապահության նախարարն այդ քայլով սեփական փիարն է ցանկացել անել, ոչ ավելին։

Հաղորդման ընթացքում խոսեցինք պարետի նոր որոշման մասին, որի համաձայն քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում ազատվում են դիմակ կրելու պարտավորությունից՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ: Քննարկեցինք կորոնավիրուսից մահացությունների դեպքերը՝ անդրադառնալով նաև վիճակագրությանը, որի համաձայն այս տարվա համապատասխան ժամանակահատվածում ավելի քիչ մարդ է մահացել, քան նախորդ տարի։ Նունե Ներսիսյանը տարակուսեց, թե ինչպե՞ս են կարողանում որոշել, թե մարդն ինչից է մահացել, եթե դատաբժշկական փորձաքննություն չի արվում, մահացածներին չեն դիահերձում։ Առանց դիահերձման՝ կորոնավիրուսից մահերի վիճակագրություն կազմելը լուրջ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում